Էթիկայի հանձնաժողովը «Հետքի» հրապարակման հիման վրա վարչական պատասխանատվության է ենթարկել Գորիսի քաղաքապետին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հետքի» հրապարակման հիման վրա վարույթներ է հարուցել և որոշում է կայացրել Առուշան Առուշանյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝ նշանակելով 300 000 դրամ տուգանք:
Նշենք, որ Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելուց հետո առաջին դեպքն է, երբ ոչ ճիշտ հայտարարագիր ներկայացնելու համար պաշտոնյային ենթարկում են վարչական պատասխանատվության:
Հիշեցնենք, որ հրապարակել էինք «Գորիսի համայնքապետի պաշտոնակատարը անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում» և «ՊԵԿ պաշտոնյայի պահածոյացված ձկների բիզնեսը» վերնագրերով հոդվածները: ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրերի վերլուծության գործընթացի շրջանակում էթիկայի հանձնաժողովը ստուգել է դրանց արժանահավատությունը և ամբողջականությունը:
Ինչպես տեղեկացրին էթիկայի հանձնաժողովից, «Հետքի» հրապարակումների հիման վրա իրականացնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ և 43.1-ին հոդվածներով վերապահված գործառույթները` Հակոբ Հակոբյանի և Առուշ Առուշանյանի կողմից Հանձնաժողով ներկայացված պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի հետ կապված, հայտնաբերել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտումների հատկանիշներ: 2017թ. դեկտեմբերի 4-ին հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթներ:
Հանձնաժողովը հաստատված է համարել Առուշան Առուշանյանի կողմից իր հայտարարագրում սխալ և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու փաստը: Մասնավորապես այն, որ հայտարարագրի՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ» բաժնում բաժնեմասի, «Հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները» բաժնում շահաբաժնի տեսքով ստացված եկամտի վերաբերյալ տվյալները լրացված չեն եղել: Աշխատանքի վարձատրություն ստացված եկամտի չափի վերաբերյալ տվյալի մասով ևս հայտնաբերվել է անհամապատասխանություն:
2017թ. դեկտեմբերի 12-ին գործի քննության արդյունքներով էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել Առուշան Առուշանյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝ նշանակելով 300 000 դրամ տուգանք:
Միաժամանակ Ա. Առուշանյանի հայտարարագրում լրացված են եղել տվյալներ նրա կողմից «Գոր Մետալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որպես փոխառություն հանձնած գումարի, ինչպես նաև նշված ընկերությունից որպես աշխատանքի վարձատրություն ստացված եկամտի վերաբերյալ:
Իսկ Հակոբ Հակոբյանը քննության ընթացքում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում «Արարատ-Ֆարել» ՍՊԸ-ի կողմից իրեն շահաբաժին չվճարելու վերաբերյալ ապացույց: Քննության արդյունքներով Հանձնաժողովը որոշել է կարճել Հակոբյանի գործի վարույթը:
Ինչ վերաբերում է «ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի բիզնես կապերը հանքարդյունաբերության ոլորտում» և «ՊԵԿ-ի քննչական վարչության պետը պղինձ և բազալտ է որոնում» հրապարակումներին, Հանձնաժողովը պարզել է, որ հրապարակումներում հիշատակված ընկերությունները հաշվետու ժամանակահատվածում շահույթ չեն ստացել, աշխատել են վնասով:
Գրիշա Բալասանյան


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)