ԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարեն
Հանրապետությունում ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները բոլոր շահառուների համար վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Եթե այսօր 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն էր տրված թոշակը կամ նպաստը «Հայփոստ»-ի աշխատակցի միջոցով ստանալ տանը, ապա ապրիլի 1-ից դա չի լինելու։ Գումարները քաղաքացուն փոխանցվելու են բացառապես անկանխիկ։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը սա կարևոր որոշում համարեց։ «Մի կողմից կարևորվում է անկանխիկ գործարքների շրջանակի ընդլայնումը, մյուս կողմից Կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որ կենսաթոշակի աճն ապահովվի հետվճարի միջոցով։ Այսինքն, քաղաքացին քարտով կատարում է գնումներ, ու ծախսած գումարի որոշակի տոկոս պետությունը հետ է վերադարձնում։ Հիմա կենսաթոշակների ու նպաստների վճարումը բացառապես անկանխիկ եղանակով դարձնելը նպատակ ունի այն մյուս խմբի շահառուներին ևս այդ հնարավորություն տալ»,-ասաց Անահիտ Գալստյանը։
Մինչև մարտի 5-ը շահառուները պարտավոր են ընտրել բանկ և այնտեղ պատվիրել քարտ, որպեսզի թոշակներն ու նպաստները հնարավոր լինի ապրիլի 1-ից փոխանցել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է շահառուներին անպայման հետևողական լինել այս հարցում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանը նշեց, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ քաղաքացիները զբաղվում են նշված հարցով, սակայն պետք է ակտիվ լինել ու չթողնել հարցը վերջին օրվան։
«Այս ընթացքում լայնածավալ իրազեկման աշխատանքներ ենք կատարել։ Նախորդ տարվա համեմատ՝ կանխիկով ստացող շահառուների թիվը զգալի նվազել է։ Տարվա վերջ ունեինք 50 հազար շահառու, որոնք կանխիկով էին ստանում նպաստներն ու կենսաթոշակները, այսօր արդեն այդ ցուցանիշը 26 հազար է»,-ասաց Աննա Բեգլարյանը։
Շատ քաղաքացիներ ունեն մտահոգություններ և հարց են բարձրացնում այն մասին, որ տարեցները, հատկապես միայնակները, դժվարություններ ունեն բանկ գնալու, դիմում ներկայացնելու, քարտ ստանալու հարցում։ Աննա Բեգլարյանը նշեց, որ նման դեպքում Միասնական սոցիալական ծառայությունը պատրաստ է օգնել։
«Եթե կլինեն քաղաքացիներ, որոնք կունենան դժվարություններ, կարող են դիմել մեզ, մենք կաջակցենք։ Օրինակ, քաղաքացին չի կարողանում բանկ գնալ, այդ դեպքում պայմանագրի կնքումը, քարտի տրամադրումը իրականացվելու է տվյալ քաղաքացու տանը, բանկի սուրհանդակային ծառայության միջոցով»,-ասաց Աննա Բեգլարյանը։
Եթե քաղաքացիները մինչև մարտի 5-ը բանկի ընտրություն չկատարեն, համակարգը ինքը դա կկատարի նրանց փոխարեն։ Ու մինչև ապրիլի 1-ը նրանք բանկը փոխելու հնարավորություն չեն ունենալու։
Դրանից բացի, Աննա Բեգլարյանը նկատեց, որ 2500-ից ավելի քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացել է, իսկ բանկային հարցերը կարգավորելու համար շատ կարևոր է անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունենալը։ Եթե այս հարցում էլ քաղաքացիները դժվարություններ կունենան, ապա Միասնական սոցիալական ծառայությունը պատրաստ է ՆԳՆ գործընկերների հետ աջակցել ու գործընթացը կազմակերպել շրջիկ սպասարկման գրասենյակների միջոցով։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...