ՀՀ ՄԻՊ-ը խոսել է նախընտրական քարոզչության և ընտրությունների ժամանակ ատելության խոսքի տարածման վտանգավոր միտումներից
Հունվարի 14-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մատչելի ընտրություններ» վերտառությամբ աշխատաժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
Ողջունելով ներկաներին և կարևորելով նման աշխատաժողովի կազմակերպումն Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ Անահիտ Մանասյանը մասնավորապես ընդգծել է, որ ընտրություններին առնչվող քննարկումները սկսվում են հենց մատչելիությանը վերաբերելի հարցերի շուրջ, ինչը մարդու իրավունքների տեսանկյունից առանցքային հանգամանք է.
«Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ սա ինձ համար շատ կարևոր հանգամանք է։ Շնորհակալություն եմ հայտնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ոչ միայն հարցի առնչությամբ մեր դիտարկումներին հանձնառու լինելու, այլև՝ այս կարևոր քննարկումը կազմակերպելու համար։ Միանշանակ է, որ ոլորտում խնդիրները բազմաթիվ են, բայց նաև շատ կարևոր է, որ ոլորտային պատասխանատուները կառուցողական լինեն ու հանձնառու այդ խնդիրները լուծելու հարցում»։
Պաշտպանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության գործունեության կարևոր ուղղություններից են մշտադիտարկումները: Իր ընտրությունից հետո Պաշտպանը նախաձեռնել է ինչպես ուսումնական հաստատությունների շենքերի, այնպես էլ ընտրատողամասերի մատչելիության գնահատմանն ուղղված մշտադիտարկումներ։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ հաճախ, երբ խոսում ենք մատչելիության մասին, հարցը քննարկվում է բացառապես թեքահարթակների առկայության կամ բացակայության համատեքստում: Մինչդեռ ոլորտային հարցերն ու խնդիրները շատ ավելի լայն են: Կարևոր է, որպեսզի թեքահարթակներն ինքնին համապատասխանեն սահմանված չափանիշներին, մատչելի լինեն ոչ միայն շենքերի մուտքերը, այլ շենքն ամբողջությամբ: Հարցը պետք է դիտարկել առավել լայնորեն՝ հաշվի առնելով հաշմանդամության բոլոր ձևերը։ Այս համատեքստում Պաշտպանը խոսել է, օրինակ` բրայլյան կաղապարների կիրառությանն առնչվող իրազեկվածության խնդիրների մասին:
Նա իր խոսքում անդրադարձել է նաև նախընտրական քարոզչության և ընտրությունների ժամանակահատվածում ատելության խոսքի տարածման վտանգավոր միտումներին, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունենալու հանգամանքը թիրախավորելու համատեքստում՝ կարևորելով ոլորտային դասընթացների, իրազեկման միջոցառումների կազմակերպումը և բոլոր դերակատարների կողմից նման դեպքերի բացառման շուրջ հանրային կոնսենսուս ձևավորելու անհրաժեշտությունը։
«Համագործակցության միջոցով, վստահ եմ, բոլոր հարցերը կկարողանանք լուծել: Հիմնական ուղերձս այն է, որ հաջորդ անգամ առիթ ունենանք խոսելու՝ ոչ թե կառուցողական միջավայրի, խնդիրները լուծելու հանձնառության, այլ՝ կառուցողական միջավայրում այդ խնդիրները ճիշտ, պրոֆեսիոնալ ձևաչափով ու արագ հաղթահարած լինելու մասին»,- ամփոփել է Պաշտպանը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը։
Աշխատաժողովի շրջանակներում անցկացվել է նաև պանելային քննարկում, որին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը։ Վերջինս հանգամանորեն անդրադարձել է ՄԻՊ-ի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքներին և արձանագրված խնդիրներին։
Միջոցառումն իրականացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում, որով ազդարարվել է «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի մեկնարկը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ