ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ը աջակցում է հայերի ու ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման քայլերին
ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամիանը նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին:
Հարրի Քամիանը նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատում է իր խիստ աջակցությունը Շոֆերի աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության կայքում, հայտնում է panorama.am-ը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը կարևոր ազդանշան է, որ կողմերը պատրաստ են բարեխղճորեն ներգրավվել բանակցություններում:
«Մենք ուրախ ենք, որ նախագահները համաձայնել են հրատապ քայլեր ձեռնարկել՝ շփման գծի երկայնքով լարվածության թուլացման համար, ու մենք կողմերին խրախուսում ենք օգտագործել այս դրական պահն ու զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից: Մենք վերահաստատում ենք մեր կոչը կողմերին՝ իրականացնել 2016թ.-ի մայիսին ու հունիսին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված քայլերը. ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգը, որը, հույս ունենք, ի վերջո կարտացոլվի ԵԱՀԿ 2018թ.-ի բյուջեում: ԱՄՆ-ը նաև կողմերին կոչ է անում աշխատել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկի վրա»,-ասել է Հարրի Քամիանը:
Քամիանը կարևորել է տեղում դեսպան Անջեյ Կասպրշիկի կողմից իրավիճակի գնահատումը, որը «համեմատաբար կայուն է, սակայն լարված ու որ նույնիսկ հրադադարի փոքրիկ խախտումը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից»:
Նշվել է, որ ԱՄՆ-ը նաև աջակցում է հայերի ու ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման քայլերին, որոնք կարող են նպաստել անվտանգության իրավիճակի կայունացմանը ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար:
Վերջում, Հարրի Քամիանը նշել է, որ կիսում են կողմերի հիասթափությունը, որ այս հակամարտությունը չափազանց երկար է տևում, ու որ ստատուս-քվոն անընդունելի է:
«Միևնույն ժամանակ, մենք բոլորս համաձայն ենք, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքին՝ հակամարտությանը երկարատև ու խաղաղ լուծում գտնելու համար՝ հիմնված մասնակից պետությունների կողմից ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքի վրա, ինչպես ամրագրված է Հելսինկիի եզրափակիչ ակտում»,-ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամիանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին