ԱՄՆ Սենատը 2018-ին ևս ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախին
Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2018 ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագիծը, որը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) համար: «Հանձնաժողովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրել նախորդ ֆինանսական տարիներին համապատասխան գումարների չափով և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար»:
Հանձնաժողովը կոչ է անում խաղաղ լուծում գտնել հակամարտությանը, որը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ վերջին ու աննախադեպ հարձակումները, ընդգծում է շփման գծում հրադադարի հստակ վերահսկման համակարգի ներդրման կարևորությունը:
Ավելի վաղ այս տարի Սենատի Հատկացումների հանձնաժողովին ներկայացված Համագումարի վկայությամբ Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կոչ է արել Արցախին խոշոր ֆինանսավորում տրամադրել՝ օգնելու վերջինիս ժողովրդի ընթացիկ մարդասիրական և զարգացման կարիքները հոգալ: Հանձնաժողովը նաև ընդունել է սենատոր Քրիս Վան Հոլլենի (դեմոկրատ, Մերիլենդ) առաջարկած օրենքի լրացումը, որն արգելում է զենքի վաճառքը Թուրքիայի Նախագահական անվտանգության վարչությանը` հաշվի առնելով ս.թ. մայիսի 17-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Թուրքիայի անվտանգության անձնախմբի կողմից խաղաղ ցուցարարների դեմ կատարված հարձակումը: Վերջերս 19 անձի, այդ թվում՝ 15 թուրք անվտանգության աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի կեցավայրի առջև այս հարձակման հետ կապված: Օրինագիծը նաև պահպանում է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը՝ վերահաստատելով ընդունված վեց բացառություններն Ադրբեջանին մարդասիրական ու այլ օգնության տրամադրման համար: Համագումարը շարունակում է կոչ անել 907-րդ բանաձևի լիակատար կիրարկումը` հաշվի առնելով հայերի նկատմամբ Ադրբեջանի թշնամական և ագրեսիվ գործողությունները:
«Ամերիկայի հայկական համագումարը երախտագիտություն է հայտնում Սենատի Հատկացումների հանձնաժողովի երկկուսակցական աշխատանքի համար և հատկապես բարձր է գնահատում սենատոր Վան Հոլլենի ջանքերն՝ օգնելու Արցախի շարունակական ֆինանսավորման ապահովմանը: Հայաստանի և Արցախի վերաբերյալ հույժ կարևոր առաջնահերթություններում ԱՄՆ ներգրավվածության հարցում նրա առաջնորդությունը կենսական նշանակություն ունի, և լիահույս ենք շարունակել մեր հետագա աշխատանքն այս օրհասական ժամանակաշրջանում», – հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Ավելին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին զեկուցման ծրագրի (OCCRP) ներկայացրած վերջին զարգացումներին հետևելով, որ լույս են սփռել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից փողերի լվացման վրա, և հայտնի են «Ադրբեջանական լվացքատուն» անվանմամբ, ականատես ենք լինում տարիներով իրականացվող խավիարային դիվանագիտության բացահայտման և մերժման», – ավելացրել են Համագումարի համանախագահները:
Ղեկավարի լրացման փաթեթի շրջանակներում սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյս) վիզայի սահմանափակումների մասին օրինագծի դրույթ էր ներառել այն ադրբեջանական պաշտոնյաների համար, «որոնց մասին Պետքարտուղարը հավաստի տեղեկություններ ունի, որ ներգրավված են «Turan»-ի՝ Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցի տնօրեն Մեհման Ալիևի անօրինական ազատազրկման գործում»: Նմանապես սենատորներ Ջեյմս Լենքֆորդը (հանրապետական, Օքլահոմա) և Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) վիզայի մերժման մասին դրույթ են ներառել այն թուրք պաշտոնյաների համար, ովքեր ներգրավված են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների անօրինական կալանքի երկարացման գործում: Օրինագիծը նաև խրախուսում է կրոնական ազատությունը և հալածյալ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը, մասնավորապես Մերձավոր Արևելքում: 25 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրերը նաև ներառում են 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ վայրագությունների կանխարգելման ծրագրերի համար:
Ամերիկայի հայկական համագումար

















































Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Ստեփանակերտին մերձակա վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218, վիրավորվել 120, անհետ կորել 21 մարդ
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին