Սոցապնախարարի վտանգավոր ակնարկն ու «հանձնվող» տարածքներում տուն կառուցելու առաջարկը
«Հրապարակը» գրում է. Երեկ, կառավարության նիստի սկզբում, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը զեկուցում էր սոցիալական աջակցության հերթական նախագծի մասին։ Խոսքը սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-24 թթ․ ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցի մասին է։ Դիմելով «մեծարգո պարոն վարչապետին»՝ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ սա ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը խթանելու նախագիծ է մարզային եւ, մասնավորապես, սահմանամերձ գյուղական բնակավայրերում։
«Մարդկային բեռը թեթեւացնելու միջոցով հնարավորություն ենք ընձեռում ընտանիքներին՝ բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական բնակելի տանը՝ իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում։ Ծրագրով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիպոթեքային վարկ ստացած շահառուին, իսկ պետական աջակցությունն ուղղվում է հիպոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի եւ տոկոսագումարների մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է հիպոթեքային վարկի մայր գումարի 12 մլն դրամի եւ դրա գծով մինչեւ 12 տոկոս տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։
Ընդհանուր առմամբ, պետական աջակցությունը վարկի սպասարկման 1 տարիների ընթացքում, ըստ էության, կազմելու է շուրջ 20 մլն 660 հազար դրամ»,- ասաց Նարեկ Մկրչտչյանը՝ նշելով, որ շահառու կարող են դառնալ ՀՀ քաղաքացիները, տարիքային սահմանափակում չկա։ Նախարարի խոսքով՝ «հանրապետությունում ներկայումս առկա է 79 սահմանամերձ բնակավայր, որոնք գտնվում են 5 մարզերում», եւ պետական աջակցության ամենատարբեր ծրագրերով իրենք չունեն հստակ ծրագիր՝ սահմանամերձ բնակավայրերի բնակարանային պայմանների բարելավմանը նպաստելու համար, իսկ այս ծրագիրն ունիվերսալ է։
Մեր ուշադրությունը գրավեց նախարարի ձեւակերպումը՝ «ներկայումս առկա է 79 սահմանամերձ բնակավայր»։ Պարզ է, որ հենց փաշինյանական կառավարման արդյունքում է ձեւավորվել այս թիվը, սակայն սա դեռ վերջը չէ՝ վաղը դրանց թիվը կարող է ավելանալ, ինչպես եղավ պատերազմից հետո, երբ իրենց թեթեւ ձեռքով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի թիվն ավելացավ, կամ երկրի խորքում գտնվողներն էլ սահմանամերձ դարձան, իսկ որոշներն էլ անցան սահմանից այն կողմում գտնվող պետությանը։ Եվ հիմա, ըստ նախարարի ակնարկի, վաղը կարող է մեր սահամանամերձ բնակավայրերի թիվը, օրինակ, նվազել, քանի որ դրանք կարող են վաղը առանց դիմադրության հանձնվել թշնամուն, կամ ավելանալ, եթե որոշեն սահմանամերձ որոշ տարածքներ հանձնել թշնամուն, որ սահմանից հեռու գտնվող որոշ համայնքներ մոտենան սահմանին։
Բայց սա՝ դեռ մի կողմ։ Կառավարությունը, ի դեմս սոցապնախարարության, ցանկանում է նպաստել, որ մարդիկ վարկով բնակելի տուն կառուցեն այն համայնքներում, որոնք այսօր բանակցությունների առարկա են եւ կարող են հանձնվել թշնամուն կամ ճանապարհների ապաշրջափակման անվան տակ թշնամուն ոտնատակ գնալ, տարբեր սադրանքների թիրախ դառնալ, ուստիեւ ապրելը դառնա վտանգավոր։
Այսինքն՝ Նարեկ Մկրտչյանն առաջարկում է սուբսիդիա տրամադրել մարդկանց, որ գնան եւ տուն կառուցեն, ասենք, Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան կամ Ճակատեն համայնքներում՝ առանց երաշխավորելու, որ վաղն այդ մարդկանց կառուցած տունը թուրքը չի գալու ձեռքից խլի՝ ասելով, թե GPS-ով չափել ենք՝ սա Ադրբեջանի տարածք է։ Հետո այդ տունը մնալու է թշնամուն, իսկ վարկի մարումը՝ ՀՀ քաղաքացուն։ Ու պետությունը, բնականաբար, ոչինչ չի անելու, ինչպես չարեց Որոտանի ու Շուռնուխի այն տների հարցում, որոնք հայտնվեցին թշնամու տիրապետության տակ։
Նարեկ Մկրտչյանը մարդկանց խրախուսում է վարկով տուն կառուցել այն համայնքներում, որոնք այսօր թշնամու ուղիղ նշանառության տակ են եւ իրենց թեթեւ ձեռքով՝ նաեւ ճանապարհային շրջափակման մեջ, ինչպես, օրինակ, Գորիս-Կապան մայրուղին։ Ու հիմա այդ տարածքում գտնվող գյուղերի բնակիչներն անտառների ու սարուձորերի միջով շրջանցելով են կարողանում արտաքին աշխարհի հետ կապ պահպանել։ Նարեկ Մկրտչյանն առաջարկում է վարկով տուն կառուցել Տավուշի մարզի այն յոթ գյուղերում, որոնք եւս սահմանամերձ են, եւ որոնք Ալիեւը պահանջում է «վերադարձնել» իրենց՝ որպես երբեմնի ադրբեջանական գուղեր, եւ ոչ մի երաշխիք չկա, որ Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը դրանք չի վերադարձնի՝ դրանց թուրքական անունները տալով եւ համաձայնելով, որ վերջիններս Հայաստանի տարածքում չեն եղել։ Նարեկ Մկրտչյանն առաջարկում է վարկով տուն կառուցել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում, օրինակ՝ Վերին Շորժայում, որտեղ եւս թշնամին, ՀՀ կառավարության թողտվությամբ, մոտ մեկ տարի է՝ առաջ է եկել, մխրճվել ՀՀ սուվերեն տարածքում եւ դիրքավորվել հայկական բնակավայրերից ու շեներից մի քանի հարյուր մետրի վրա։
Երեկ, կառավարության նիստից հետո, մենք ուզում էինք հարցեր ուղղել երբեք լրագրողների մոտ ճեպազրույցի չիջնող նախարարին, որը, ով զարմանք, այս անգամ բարեհաճել էր իջնել, բայց նա արագ մտավ կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածք՝ հավանաբար, «Հրապարակում» հաղորդման շրջանակներում նկարահանվելու, իսկ երբ դուրս եկավ այնտեղից ու տեսավ լրագրողներին, անմիջապես պատի հետեւով փախավ, որ չկարողանանք մոտենալ, հարցեր տալ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի