Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործով դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան: Տեղեկությունը հաստատել է Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ավարտի մասին վարույթն իրականացնող մարմինը հայտնել էր օգոստոսի 11-ին: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը:
Բացի այդ, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը»:
Հիշեցնենք նաև, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց կալանավորումը: Առուշանյանը կալանավորվել էր հենց Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա: Ավետյանի նկատմամբ ևս քրեական գործի սկզբնական փուլում կիրառված էր խափանման միջոց կալանավորումը, սակայն Առուշ Առուշանյանին կալանավորելուց հետո դատախազությունը վերացրեց Լուսինե Ավետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լուսինե Ավետյանը գործարքի է գնացել իրավապահ մարմինների հետ՝ իր ազատության համար Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալով։
Ավելին, շրջանառվող այլ տեղեկությունների համաձայն, Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան