Թուրքիա պետությունը սերիական մարդասպան է
Անկարայում շարունակվում է թուրքական ամենահայտնի ընդդիմադիր թերթի՝ «Ջումհուրիյեթ»-ի խմբագրակազմի դեմ դատական գործընթացը։
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 11-ին Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն էր իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ էին իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում:
Թերթի լրագրողներից Ահմեդ Շըքը, ում պաշտպանական ճառը թուրքական «Ջումհուրիյեթ»-ն անվանել է «պատմական», դատարանի առաջ մեղադրել է թուրքական իշխանություններին ահաբեկիչ ու ցեղասպան լինելու մեջ և հիշեցրել բոլորին Թուրքիայի «արյունոտ» անցյալը։
Նշենք, որ «Ջումհուրիյեթ» թերթը դեռևս անցյալ տարվա մայիսին էր հայտնվել իշխանությունների և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուշադրության կենտրոնում: Թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը ՄՃՓ («Միջազգային ճանապարհային փոխադրումներ») միջազգային բեռնափոխադրման մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում: «Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթի» թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին:
Դատարանի առաջ կանգնած Շըքը, խոսելով ռազմական հեղաշրջման փորձի ու նրանց թերթի՝ հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ ունեցած կապի վերաբերյալ մեղադրանքների մասին, պնդել է, որ Թուրքիայի իշխանությունները հավասարազոր պատասխանատվություն պետք է կրեն ռազմական հեղաշրջման փորձի համար, քանի որ դրա կազմակերպման մեջ մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ու նրա թիմակիցներին պետական համակարգ է բերել և ոչ մի հարցում չի մերժել հենց Թուրքիայի ներկայի իշխանությունը, որը ժամանակին շատ ջերմ հարաբերություններ է ունեցել Գյուլենի հետ: Լրագրողը պնդել է, որ Թուրքիայի նախագահն օգտագործել է հեղաշրջման փորձն իր իսկ քաղաքական նպատակաների համար և «վերահսկել քաոսը»:
«Դուք չեք խաբվել ապստամբների կողմից, ոչ, դուք մեզ եք փորձել խաբել», - հայտարարել է դատարանի առաջ կանգնած Շըքը` հիշեցնելով նախագահի հայտնի խոսքն, ըստ որի հեղաշրջման փորձն իսկական պարգև էր Թուրքիայի համար:
«Հեղաշրջման փորձի գլխավոր թիրախը հանդիսացող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինքն էլ բերանից թռցրեց այն խոսքը, թե այդ հեղաշրջման փորձն իսկական պարգև էր Ալլահի կողմից նրա համար: Թե ինչ նկատի ուներ նա «պարգև» ասելով` բոլորս տեսնում ենք և վերապրում», - ասել է Շըքը:
Դատավորի այն հարցին, թե ինչ է մտածում Շըքը Հետախուզական կոմիտեին պատկանող բեռնատարների հետ կապված աղմկահարույց լուրի մասին, վերջինս պատասխանել է. «Հպարտանում եմ այդ հոդվածով»:
Իր մի քանի տասնյակ էջանոց պաշտպանական ճառի ամենավերջում Ահմեդ Շըքը մեղադրել է Թուրքիա պետությանը պարբերական կոտորածներ, ցեղասպանությունների ու ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ և խոսել նաև Հայոց ցեղասպանության ու Հրանտ Դինքի մասին:
«Դուք ասել եք, որ պետությունը մարդասպան է: Շարունակո՞ւմ եք ձեր այդ պնդումը», - հարցրել է դատավորը:
«Պետության պատմությունն արյունոտ է: Հայերը, Հրանտը, Սիրիան…. Քիչ եմ ասել, մարդասպան չէ, սերիական մարդասպան է պետությունը: Մեզ մեղադրում եք ահաբեկիչների հետ կապերի համար, երեք օր է դատարանում լրագրողական գործունեությանս մասին եք հարցնում: Ի գիտություն` ձեր փնտրած ահաբեկչական խմբավորումը քաղաքական կուսակցության անվան տակ ղեկավարում է այս երկիրը: Վերջ», - ասել է լրագրողն ու դատարանից հեռանալուց առաջ բացականչել` «Կորչի բռնապետությունը, կեցցե ազատությունը»:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև հոկտեմբերի 2-ը ժամանակ է տվել Թուրքիայի իշխանություններին, որպեսզի հանդես գան դատարանում բացատրական ճառով ու բացատրեն, թե ինչ հիմունքներով են ձերբակալել թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրողներին ու ղեկավար կազմին։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են