Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով
Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի ազգային հավաքականից հեռանալու որոշմանը՝ կոչ անելով երկու կողմերին էլ քայլ անել դեպի հաշտեցում և կազմակերպել լեգենդար հարձակվողին արժանի հրաժեշտ։
«Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ապահովի Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի արժանապատիվ ավարտը։ Երկու կողմերն էլ պետք է ջանքեր գործադրեն պատշաճ հրաժեշտ կազմակերպելու համար։ Ռոնալդուն չպետք է այսպես հեռանա Պորտուգալիայի հավաքականից, նրան չի կարելի այսպես ճանապարհել։
Նա անչափ կարևոր ֆուտբոլիստ է եղել ոչ միայն իր և երկրի, այլև պորտուգալացի ապագա սերունդների համար։ Կան բացառիկ խաղացողներ, և Կրիշտիանուն նրանցից մեկն է։ Այս իրավիճակը պետք է շտկվի․ պետք է կազմակերպել տոնակատարություն, որի ընթացքում նա կզգա իր ժողովրդի սերը։ Իսկ ինքն էլ պետք է քայլ անի և ասի՝ եկեք մոռանանք տեղի ունեցածը»,- նշել է Գվարդիոլան։
Մարզիչն ընդգծել է, որ ֆուտբոլիստի ամբողջ կարիերան չի կարելի գնահատել մեկ-երկու ամսվա իրադարձություններով կամ առանձին մարդկանց հետ ունեցած կոնֆլիկտներով․ «Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով։ Նրանք արժանի են դրան՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տվել են ֆուտբոլին, իսկ ֆուտբոլը պարտավոր է գնահատել նրանց ներդրումը»։
Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերի սկզբին հայտարարեց Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին։ Դրան նախորդել էին սուր տարաձայնությունները ազգային թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ։ Հակասությունները գագաթնակետին էին հասել սեպտեմբերին, երբ խաղաժամանակից դժգոհ Ռոնալդուն լքեց թիմի ճամբարը Դանիայի դեմ խաղից առաջ, ապա որոշեց այլևս չխաղալ հավաքականում։
Ռոնալդուի հայտարարությունից հետո Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկություն է հայտնել կազմակերպել նրա հրաժեշտի հանդիպումը։ Ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան ավելի վաղ նշել էր, որ հարձակվողի վերադարձի դուռը դեռ բաց է, սակայն ֆուտբոլիստը մինչ այժմ չի փոխել իր որոշումը։ Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն անցկացրել է 234 հանդիպում և խփել 146 գոլ՝ հանդիսանալով տղամարդկանց ազգային հավաքականների պատմության բացարձակ ռեկորդակիրն ինչպես խաղերի, այնպես էլ գոլերի քանակով։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շիրակի մարզում
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Շիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը