ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի մուտքը Ռուսաստան արգելվել է․ պատճառը դեռ անհայտ է
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածության հերթական հանգույցն է ձևավորվել. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին արգելվել է մուտք գործել ՌԴ՝ խափանելով նրա մասնակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։ Մինչ պատգամավորը հայտարարում է, որ իր սկզբունքային դիրքորոշումները չեն փոխվել, իսկ գործընկերները պահանջում են հարցը դարձնել միջպետական քննարկման առարկա, ռուսական կողմը որևէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացնում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Հոկտեմբերի 14-ին պատգամավորը պետք է մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում 16 հարց էր։ Նրա խոսքով՝ քննարկումներն առնչվում էին սոցիալական, առողջապահական և մարդու իրավունքների ոլորտներին, որոնցով ինքն էլ զբաղվում է խորհրդարանում։
«Ի՞նչն է պատճառը՝ չեմ կարող ասել, որովհետև ինձ պարզաբանումներ չեն տվել, բայց առնվազն տարակուսելի է, որ նման մեծ միջոցառմանը պատգամավորին կարող է արգելվել ներկա գտնվել»։
Բադալյանը նախկինում բազմիցս քննադատել է Հայաստանում ռուսական լրատվամիջոցների հեռարձակումը՝ այն համարելով երկրի տեղեկատվական անվտանգության խնդիր։ Մուտքի արգելքից հետո նրան հարցրել են՝ արդյոք միջադեպը կազդի՞ իր հրապարակային դիրքորոշումների վրա։ Պատգամավորը պատասխանել է, որ իր խոսքը չի պայմանավորում անձնական շահերով կամ հնարավոր սահմանափակումներով։
«Ես չեմ խոսում ինչ-որ բաների մասին կամ լռում ինչ-որ բաների մասին՝ սեփական շահից ելնելով, որի մուտքը արգելեն կամ չարգելեն։ Եթե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ լինում են՝ որ երկրից էլ որ լինի, իհարկե, դրա մասին պետք է խոսել և դրա դեմ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել։
Թե ինչու է արգելվել Բադալյանի մուտքը Ռուսաստան, առայժմ հայտնի չէ։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սոնա Ղազարյանի կարծիքով՝ միջադեպը պետք է դառնա հայ–ռուսական քննարկման առարկա։ Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների մասին խոսակցությունները պետք է ներառեն նաև նման խնդիրների լուծումը։ «Ես Լուսինե Բադալյանի գործունեությանը հետևել եմ, իր հետ 8 տարի պատգամավոր եմ եղել, և որևէ հայտարարություն, որը առիթ կարող էր հանդիսանալ նման սանկցիայի, երբևէ չեմ լսել»։
Արդյո՞ք պաշտոնական Երևանը դիմել է ռուսական կողմին՝ պարզաբանում ստանալու համար, և ի՞նչ պատասխան է ստացել, առայժմ հստակ չէ։
Բադալյանի դեպքը խորհրդարանում մտահոգությունների առիթ է դարձել։ ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանն ասում է՝ ինքն էլ չգիտի, թե ինչ սկզբունքով են նման որոշումներ կայացվում։ «Խնդիրն այն է, որ ինքս էլ չգիտեմ, ճիշտն ասած, ինչ մեթոդով են ում արգելել կամ ինչն են հաշվի առել․․․ Այնուամենայնիվ, կտեսնենք, երբ այդ օրերը հասնեն՝ արդյո՞ք ինձ էլ են արգելել։ Հստակ պատասխան չունեմ»։
Նույն օրը «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե շուրջ 1500 հայաստանցու մուտքը Ռուսաստան արգելող ցուցակ կա։ Այս տեղեկությունը պաշտոնապես չ հաստատվել։
armradio.am


















































Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան