Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին շաբաթ օրը երկրում բռնկված անկարգությունները ընտրական նպատակներով շահարկելու մեջ։ Առանց անունները նշելու, նա ասել է, որ նրանք առաջիկա ընտրություններին մասնակցում են «Ֆրանսիայի հաշվին»՝ բռնության վերաբերյալ իրենց մեկնաբանություններով։

Մերձավոր Արևելք կատարած այցի ժամանակ նա նրանց անվանել է «առաջնորդներ, որոնք գտնվում են քարոզարշավի ռեժիմում՝ թե՛ այստեղ՝ տարածաշրջանում, թե՛ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում»։

Դա ակնհայտ ակնարկ էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որը հաջորդ շաբաթ խորհրդարանական ընտրություններ է անցկացնելու, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի միջանկյալ ընտրությունները հաջորդ ամիս են։

Կատարի մայրաքաղաք Դոհայում ելույթ ունենալիս Ֆրանսիայի նախագահն ասել է. «Իմ կարծիքով՝ տեղի ունեցած իրադարձություններում արտաքին միջամտության որևէ նշան չկա։ Մյուս կողմից, դրանից հետո տեղի է ունեցել տեղեկատվության արտաքին մանիպուլյացիա, այո՛, և դա առիթ է դարձել շատերի, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների կողմից անընդունելի և հիմար մեկնաբանությունների համար…»։

Երեքշաբթի օրը Բենիամին Նեթանյահուն իսրայելական i24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան, որտեղ բնակվում է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ մահմեդական փոքրամասնությունը, ենթարկվել է «ծայրահեղական իսլամի ներխուժմանը»։

Նա պատմել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումից հետո Մակրոնին ասել է. «Եթե մենք նրանց այստեղ չոչնչացնենք, ապա նրանք կհայտնվեն Փարիզում»։ «Հենց դա էլ տեղի է ունենում»,-հավելել է նա։

Նույն օրը՝ երեքշաբթի, Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների պատճառը համարել է դեպի Ֆրանսիա զանգվածային ներգաղթը։

«Երբ նայում եմ Ֆրանսիային, երբ նայում եմ Իտալիային, երբ տեսնում եմ այդ ամբողջ խառնաշփոթն ու ատելությունը, հասկանում եմ, որ խնդիրը դպրոցի մեջ չէ, — ասել է նա։ -Խնդիրն այն է, որ երկրներ են մուտք գործում մարդիկ, ովքեր ատում են այդ երկրները»։

«Փակե՛ք սահմանները և վերահսկողություն սահմանե՛ք, քանի դեռ ուշ չէ», -կոչ է արել Թրամփը։