Երբ այս հայտնագործությունն արվել էր 2022 թվականին, շատ հետազոտողներ ենթադրում էին, որ իրենց առջև զանգվածային սպանության, պատերազմի կամ նույնիսկ մարդկային զոհաբերությունների ապացույց է։ Սակայն նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Proceedings of the Prehistoric Society ամսագրում, բոլորովին այլ պատկեր է ներկայացնում։
Բնակավայրը գտնվում էր ժամանակակից Վրաբլե քաղաքից ոչ հեռու՝ Բրատիսլավայից մոտ մեկ ժամվա ճանապարհի վրա։ Դա իր ժամանակաշրջանի Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ և ամենաբարդ բնակավայրերից մեկն էր։ Հնագետները այստեղ հայտնաբերել են մոտ 350 տուն, որոնցից միաժամանակ բնակեցված էին մոտ 80-ը։ Մարդիկ այս վայրում ապրել են մի քանի դար շարունակ՝ մոտավորապես մ.թ.ա. 5250-ից մինչև 4950 թվականը։
Հետազոտողների առանձնահատուկ ուշադրությունը գրավել էր այն փոսը, որտեղ մարմինները դրվել էին անկանոն կերպով՝ բառացիորեն մեկը մյուսի վրա։ Հայտնաբերված աճյուններից միայն մեկ երեխայի գանգն էր պահպանվել։ Մնացած բոլորի գլուխները բացակայում էին։
Սկզբում այս տեսարանը թվում էր դաժան հաշվեհարդարի հետևանք։ Սակայն ոսկորների ավելի մանրամասն վերլուծությունը բռնի գլխատման հետքեր չբացահայտեց։ Ընդհակառակը, գիտնականները եկել են այն եզրակացության, որ գլուխները մարմիններից առանձնացվել էին շատ զգուշորեն և մարդկանց մահից հետո։
Հատկապես կարևոր ապացույց էր ոչ միայն գանգերի, այլև ստորին ծնոտների բացակայությունը։ Եթե գլուխները ոչնչացված լինեին կամ պատահաբար կորչեին, հավանաբար այդ ոսկորների մի մասը կպահպանվեր աճյունների մեջ։ Սակայն հնագետները նման ոչ մի բեկոր չեն գտել։
Բացի այդ, խրամատի պատի մոտ հայտնաբերվել էին պարանոցային ողեր, որոնց դիրքը վկայում է գլխի՝ մարմնից զգուշավոր առանձնացման մասին։ Հետազոտողների կարծիքով՝ խոսքը ոչ թե մահապատժի, այլ խնամքով կատարված հետմահու արարողակարգի մասին է։
Այժմ ամենահավանական է համարվում նախնիների պաշտամունքի հետ կապված վարկածը։ Մի շարք հին հասարակություններում մահացածների գանգերը հատուկ ծիսական նշանակություն ունեին և կարող էին պահվել մարմնի մնացած մասերից առանձին։ Նմանատիպ սովորույթներ հայտնի են նաև նեոլիթյան այլ հուշարձաններից։
Ամենահայտնի օրինակը ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Չաթալ-Հյույուք բնակավայրն է։ Այնտեղ հնագետները նույնպես հայտնաբերել են մահից հետո գանգերի հանման հետքեր։ Սակայն կա մի կարևոր տարբերություն․ Չաթալ-Հյույուքում գանգերը գտնվել էին, մինչդեռ Վրաբլեում դրանք մինչ օրս անհետացել են առանց հետքի։
Կիլի համալսարանից հետազոտության ղեկավար Մարտին Ֆուրհոլտի խոսքով՝ հիմնական դժվարությունն այն է, որ ժամանակակից մարդիկ փորձում են հասկանալ մի հասարակության ծեսերը, որի աշխարհայացքը արմատապես տարբերվում էր մերից։
Թե ուր են անհետացել տասնյակ գանգերը և ինչ դեր էին դրանք խաղում հին համայնքի կյանքում, առայժմ մնում է անհայտ։ Հնարավոր է՝ ապագա պեղումները օգնեն գտնել դրանց պահման վայրը։ Իսկ առայժմ սլովակյան այս բնակավայրը մնում է եվրոպական նեոլիթի ամենախորհրդավոր հնագիտական հուշարձաններից մեկը։

















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
Իրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է