Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ կգործարկվի անապահովության գնահատման նոր համակարգը, որը փորձնականորեն կիրառվել էր Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն ասում է, որ փորձարկման ժամանակ բացահայտվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային խնդիրներ, որոնց հիման վրա կատարվել են մի շարք բարելավումներ։ Համակարգի փոփոխության հիմնական նպատակը եղել է այն ընտանիքների ընդգրկումը, որոնք իրականում ունեն սոցիալական աջակցության կարիք, սակայն նախկին չափանիշներով դուրս էին մնացել նպաստառուների ցանկից։
Արմավիրի բնակիչ Արև Զարգարյանի ընտանիքը տարիներ շարունակ սոցիալական աջակցության կարիք ունի։ Յոթ հոգուց բաղկացած ընտանիքը 14 տարի ապրում է վարձով բնակարանում։ Հինգ անչափահաս երեխա ունեցող այս ընտանիքի հմնական եկամուտը պետական նպաստն է․
«Մենք ո՛չ տուն ունենք, ո՛չ հող։ Ամուսինս առողջական խնդիրներ ունի, ուրիշ աշխատանք անել չի կարող, տաքսի է քշում, բայց եկամուտը չի բավականացնում։ Ես էլ չեմ աշխատում, որովհետև երեխաների խնամքը ամբողջությամբ ինձ վրա է»։
Զարգարյանները շուրջ տասը տարի ընդգրկված են նպաստառուների համակարգ։ Ընտանիքը 50-55 հզր դրամ սոցիալական նպաստ է ստանում։ Սակայն, այդ գումարը չի բավականացնում ո՛չ սննդի և ո՛չ էլ երեխաների առաջնային կարիքների համար․
«Հազիվ ենք կարողանում երեխաների համար ամենաանհրաժեշտ բաները ապահովել։ Երբեմն նույնիսկ սննդի ծախսերին չի հերիքում։ Բայց, փառք Աստծո, երեխաներս առողջ են, և դա ամենակարևորն է»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայել է այն չափանիշները, որոնք նախկինում թույլ չէին տալիս սոցիալական աջակցության կարիք ունեցող որոշ ընտանիքների ներառել անապահովության գնահատման համակարգ։ Մասնավորապես՝ փոփոխվել են վարկային պարտավորությունների հետ կապված կարգավորումները։ Եթե նախկինում վարկային պատմությունը կամ երաշխավոր լինելու հանգամանքը կարող էին ընտանիքին դուրս թողնել համակարգից, ապա այժմ վերանայվել են վարկերի վաղեմության և մարումների վերաբերյալ չափանիշները։
Փոփոխություններից մեկով վերացվել է նաև կրթություն ստացող անձանց տարիքային սահմանափակումը՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը․
«Եթե նախկինում եկամուտ չէր վերագրվում միայն 18-22 տարեկան սովորողներին, ապա այժմ այս մոտեցումը կիրառվելու է բոլոր սովորողների նկատմամբ՝ անկախ տարիքից»։
Նոր կարգավորումներով՝ եկամուտ չի վերագրվի նաև զինվորական ծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկից վերադարձած անձանց՝ վերադարձից հետո առաջին վեց ամսվա ընթացքում։
Վերանայվել է նաև գազի սպառման գործոնի ազդեցությունը։ Գազի սպառման քանակն այլևս չի լինի համակարգ ընդգրկվելը բացառող գործոն։ Նախկինում խնդիրներ էին առաջանում հատկապես վարձակալությամբ բնակվող ընտանիքների դեպքում, քանի որ հաշվարկների մեջ ներառվում էին տվյալ բնակարանի նախկին բնակիչների սպառման տվյալները։ Նոր մեխանիզմով հաշվի են առնվելու միայն տվյալ ընտանիքի սեփական սպառման ցուցանիշները՝ ասում է փոխնախարարը․
«Քաղաքացիները կարող են յուրաքանչյուր ամիս դիմել համակարգին։ Եթե որևէ ընտանիք նախկինում դուրս էր մնացել համակարգից, օրինակ՝ վարկային պատմության պատճառով, ապա նոր կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո կարող է կրկին դիմել և վերագնահատվել նոր չափանիշներով»։
Կոտայքի և Սյունիքի մարզերում նոր համակարգից այս պահին օգտվում է 1․280 ընտանիք։ Նպաստի միջին չափը 86 հզր դրամ է, իսկ առավելագույնը՝ 280 հզր։ Համեմատության համար՝ գործող համակարգում ընտանեկան նպաստի միջին չափը մոտ 29 հզր դրամ էր։
Լուսինե Քոչարյանի խոսքով՝ նոր համակարգն առավել թիրախային է և ուղղված է հատկապես ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող ընտանիքներին։ Նպաստի չափը հաշվարկվում է հատուկ բանաձևով՝ հաշվի առնելով ընտանիքի կազմը, աշխատունակ և անչափահաս անդամների քանակը։ Օրինակ՝ առավելագույն 280 հզր դրամ նպաստ ստացող ընտանիքում կա մեկ աշխատունակ անձ և վեց անչափահաս երեխա։
Փոխնախարարն ասում է, որ ընտանեկան նպաստի գործող համակարգում գլխավորապես ուշադրություն է դարձվում ընտանիքում հատուկ կարգավիճակ ունեցող անդամների առկայությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին կամ երեխաներին, մինչդեռ ընտանիքի իրական եկամուտները վճռորոշ նշանակություն չունեին։ Նոր համակարգը գնահատում է ընտանիքի ընդհանուր եկամուտները, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի առկայությունը։
«Այդ առումով հին համակարգում ունեինք ընտանիքներ, որոնք տասը և ավելի տարի համակարգում էին, և որևէ փոփոխություն չէր լինում ընտանիքում։ Ասեմ ավելին՝ այն նպաստի չափը, որ հաշվարկվում էր ընտանիքի համար, իրականում չէր բարելավում ընտանիքի բարեկեցությունը, բայց կախվածությունը կար «Փարոս» համակարգից»։
Նոր համակարգի նպատակներից է ոչ միայն սոցիալական աջակցությունը, այլև նպաստառու ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատաշուկա վերադարձնելը և պետական աջակցությունից երկարաժամկետ կախվածությունը նվազեցնելը․
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ հասկանան՝ արժանապատիվ և անկախ կյանքը հնարավոր է ապահովել կրթության և աշխատանքի միջոցով»։
Անդրադառնալով թաքնված զբաղվածության հետ կապված մտահոգություններին՝ Լուսինե Քոչարյանն ասում է, որ ոչ ֆորմալ զբաղվածությունը մնում է Հայաստանի աշխատաշուկայի հիմնական մարտահրավերներից մեկը։
«Տնտեսությունը պետք է լինի ֆորմալ, աշխատանքը՝ գրանցված։ Միայն այդ դեպքում հնարավոր է լիարժեքորեն պաշտպանել աշխատողների իրավունքները»։
Հուլիսի 1-ին՝ համապետական գործարկումից առաջ, նոր համակարգն ամբողջությամբ թվայնացվել է։ Դիմումների ընդունումը, տվյալների մշակումը և որոշումների ընդունումը կատարվելու են ավտոմատ եղանակով՝ նվազագույնի հասցնելով մարդկային գործոնի ազդեցությունը։
Նոր համակարգի շրջանակում ընտանիքների սոցիալական վիճակը կվերագնահատվի յուրաքանչյուր ամիս։ Եթե ընտանիքի աշխատունակ անդամը աշխատանքի ընդունվի, աջակցությունը չի դադարեցվի անմիջապես։ Ըստ փոխնախարարի՝ ընտանիքը ևս 12 ամիս կշարունակի նպաստ ստանալ, որպեսզի կարողանա կայունացնել իր սոցիալական վիճակը և ամրապնդել աշխատանքային հարաբերությունները։
armradio.am


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն