Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում
79-ամյա Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում և կշարունակի ղեկավարել «արքայական» ակումբը մինչև 2030 թվականը։ Կիրակի օրը կայացած ընտրություններում նա վստահ հաղթանակ է տարել իր միակ մրցակցի՝ իսպանացի գործարար Էնրիկե Ռիկելմեի նկատմամբ։
Ըստ նախնական տվյալների՝ Պերեսը ստացել է ձայների շուրջ 65,95%-ը, մինչդեռ Ռիկելմեի օգտին քվեարկել է ընտրողների 34,05%-ը։ Գործող նախագահը բացարձակ առավելության է հասել բոլոր 60 ընտրատեղամասերում։ Սա Պերեսի ութերորդ անընդմեջ ժամկետն է այս պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2009 թվականից:
Պերեսի վերընտրվելու գլխավոր ինտրիգներից մեկը նոր գլխավոր մարզչի հարցն է։ Ինչպես և սպասվում էր, նախագահն իր ելույթում հաստատել է Ժոզե Մոուրինյուի վերադարձը։ Պորտուգալացի «Հատուկը» կգլխավորի մադրիդցիներին 13 տարվա դադարից հետո։ Բացի այդ, դեռևս նախընտրական փուլում Պերեսն արդեն իսկ հայտարարել էր «Լիվերպուլից» պաշտպան Իբրահիմա Կոնատեի և Միլանի «Ինտերից» Դենզել Դումֆրիսի տրանսֆերների մասին։
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ֆլորենտինո Պերեսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
«Սա երջանիկ և մեծ օր է ինձ ու բոլոր մադրիդիստների համար։ Մենք հաղթեցինք բոլոր ընտրատեղամասերում և բոլոր տարիքային խմբերում՝ գրանցելով ակումբի պատմության մեջ երկրորդ լավագույն արդյունքը։ Մենք ընտանիք ենք և կշարունակենք միասին տիտղոսներ նվաճել։ Պայքարը 16-րդ Չեմպիոնների լիգայի գավաթի համար սկսվում է հենց այսօր։ Մենք շարունակելու ենք հպարտանալ մեր «Բեռնաբեուով», աշխարհի լավագույն թիմերից մեկով և աշխարհի լավագույն մարզիչներից մեկով՝ Ժոզե Մոուրինյուով»։
Պերեսը նաև նշել է, որ արդյունքները կարող էին ավելի տպավորիչ լինել, սակայն փոստով ուղարկված շուրջ 1000 քվե անվավեր է ճանաչվել, ինչը նրանք պատրաստվում են բողոքարկել։
Պարտված թեկնածու Էնրիկե Ռիկելմեն շնորհավորել է Պերեսին, սակայն ընդգծել է, որ իրենց պայքարը նոր է սկսվում.
«Սա մեզ համար վերջը չէ, սա միայն սկիզբն է։ Ակումբի անդամներն այլևս 20 տարի առանց ընտրության իրավունքի չեն մնա։ Մենք կարողացանք կանխել ակումբի վաճառքը»,- հայտարարել է Ռիկելմեն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում «Ռեալը» գրավել է երկրորդ տեղը՝ 8 միավորով զիջելով չեմպիոն «Բարսելոնային» և մրցաշրջանն ավարտելով առանց նվաճած տիտղոսների։ Ակումբի ղեկավարությունն ու երկրպագուները հույս ունեն, որ նոր ընտրաշրջանն ու մարզչական փոփոխությունները կվերադարձնեն թիմին հաղթական ուղի:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»