ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում քննարկվել և դրական եզրակացության է արժանացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն ներառվել է առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։
Օրինագիծը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով առաջարկվող փոփոխությունների նպատակներին, հիմնավորումներին և կիրառման անհրաժեշտությանը։
Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքների շրջանակը՝ սահմանելով դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքերը։ Մասնավորապես, օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզող կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։ Փոփոխություններով նախատեսվում է նաև նոր կարգավորում, ըստ որի՝ կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։
Օրինագծով հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։ Փոփոխություններ են կատարվել տուգանքներին առնչվող դրույթներում՝ օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերի մասով, ինչպես նաև ավելացվել է նոր հոդված, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի կասեցման և դադարեցման ընթացակարգը։
Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվեն տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները, կբարձրանա օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը։ Կկանխվեն երկիմաստ մեկնաբանությունները և կձևավորվի կանխատեսելի իրավական միջավայր ոլորտում գործող սուբյեկտների համար՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ և նվազեցնելով մենաշնորհային դիրքի չարաշահման ռիսկերը։
Միաժամանակ, փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը՝ թույլ տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության խոսքի և այլ վնասակար բովանդակության տարածումը, ինչպես նաև զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ազգային անվտանգության պահանջներին համահունչ։
Քննարկման ընթացքում հարցեր են հնչեցրել հանձնաժողովի անդամներ Կնյազ Հասանովը, Թագուհի Ղազարյանը և Արմենուհի Ղազարյանը։ Դրանք վերաբերել են սոցիալական ցանցերում ատելության, բռնության և դաժանության քարոզի նկատմամբ վերահսկողության մեխանիզմներին, ինչպես նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության հստակ սահմանմանը։
Բարձրացված հարցերին պատասխանել են ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում