Լավ աշակերտ էր, անգամ ճանճին չէր վնասի. ինչ են պատմել ընկերները Թրամփի վրա կրակողի մասին
Թոմաս Մեթյու Քրուքսը, որը կրակել էր ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա, 2022 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 2024 թվականի մայիսին՝ ստացել ինժեներական գիտությունների մասնագետի կոչում։
Նա առնվազն մեկ տարի եղել է հրաձգության ակումբի անդամ։ Clairton Rifle Club ակումբի նախագահ Բիլ Սելիտոն հաստատել է, որ Քրուքսն ակումբի անդամ էր: Նա դատապարտել է կատարվածը, սակայն հետաքննության ընթանալու պատճառով հրաժարվել է մեկնաբանություններից:
Քրուքսի ծանոթները, որոնք զրուցել են CBS News-ի հետ, պատմել են, որ երիտասարդի մոտ տարօրինակ նախանշաններ չեն նկատել: Որոշ ծանոթներ չեն բացառել, որ Քրուքսը դպրոցում ծաղրի է ենթարկվել իր արտաքին տեսքի համար: Միևնույն ժամանակ նա լավ աշակերտ էր, և ուսուցիչները սիրում էին նրան։ Համադասարանցի Մարկ Սիգաֆոսի խոսքով՝ Քրուքսն արտաքուստ այնպիսի տպավորություն էր թողնում, որ կարծես «չէր վնասի անգամ ճանճին»:
Մեկ այլ ծանոթ Ջեյսոն Քյոլերը, իր հերթին, պատմել է, որ Քրուքսն առավելապես միայնակ էր և կամուֆլյաժային հագուստ էր կրում:
Դասընկերներից մեկի խոսքով՝ Քրուքսը փորձել է միջնակարգ դպրոցում հրացանով կրակելու խմբի անդամ դառնալ, սակայն նրան չեն ընտրել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:
Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:
«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։