Բայդենի ընտանիքը կոչ է արել նրան դուրս չգալ նախագահական մրցապայքարից. CNN
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը, մրցակից Դոնալդ Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո, հանդիպել է Քեմփ Դեյվիդում գտնվող նախագահական նստավայրում։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ հարազատները «միանշանակ աջակցություն» են հայտնել գործող նախագահին՝ շարունակելու մասնակցել նախագահական ընտրություններին։
Ինչպես հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ CNN-ը, ընտանիքի կարծիքը Բայդենի համար շատ կարևոր է, նույնիսկ ավելի շատ, քան նրա մերձավոր խորհրդականների շրջապատի դիրքորոշումը։
Ընտանեկան խորհրդին մասնակցել են առաջին տիկին Ջիլ Բայդենը, որդին՝ Հանթեր Բայդենը, և թոռները։ Ընտանիքը հիասթափություն է հայտնել այն թիմից, որը նախագահին նախապատրաստել էր բանավեճի և դրանում Բայդենի ձախողումից հետո քննարկել խորհրդականների հնարավոր պաշտոնանկությունները։
CNN-ը հիշեցնում է, որ ընտանեկան խորհուրդը տեղի է ունեցել ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կոչերի ֆոնին։ Ընտանիքի կարծիքը կարող է փոխվել, եթե իրավիճակը վատթարանա կամ եթե նախագահը համոզվի, որ մրցապայքարից իր հեռանալը դեմոկրատներին կօգնի հաղթել աշնանը կայանալիք ընտրություններում:
Բայդենի և Թրամփի հեռուստաբանավեճից հետո քննարկումներ են սկսվել դեմոկրատ թեկնածուին փոխարինելու հնարավորության շուրջ։ Միաժամանակ քննարկվում է այն հարցը, թե արդյոք Դեմոկրատական կուսակցությունը կկարողանա՞ այլ թեկնածու առաջադրել օգոստոսին կայանալիք համագումարից առաջ կամ դրա ընթացքում։
The New York Times թերթի խմբագրությունը կոչ է արել Բայդենին հրաժարվել ընտրարշավին հետագա մասնակցությունից և տեղը զիջել ավելի «եռանդուն» թեկնածուին։
Մինչդեռ բարձրաստիճան դեմոկրատները հրապարակավ հայտարարել են, որ սատարում են 81-ամյա Բայդենին և պայքարելու են նրա հաղթանակի համար։ Նրա շտաբի պաշտոնական ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ նախագահը մտադիր չէ դուրս գալ պայքարից։
Ինքը՝ Բայդենը, խոստովանել է, որ լավ հանդես չի եկել բանավեճում, սակայն հասկացրել է, որ մտադիր չէ դուրս գալ նախագահական մրցապայքարից։
«Ես գիտեմ, որ այլևս երիտասարդ չեմ: Գիտեմ, որ նախկինի պես հեշտ չեմ քայլում, նախկինի պես պարզ չեմ խոսում, նախկինի պես լավ չեմ բանավիճում, բայց գիտեմ, թե ինչպես պետք է ասել ճշմարտությունը», - ասել է նա աջակիցներին Հյուսիսային Կարոլինայում քարոզարշավի ժամանակ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը