Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
«Այ, այ, այ, բա ամոթ չի դրոշը գետնին եք գցում»,- ասաց նա եւ հրամայեց ազատել ինչ-որ աշխատակցի: Հիմա ասում է. «Այո, այ, այ, բա ամոթ չի, այս ինչ ցանց եք կախել ֆուտբոլի դարպասից եւ ինչ վատ կախիչ եք տեղադրել»: Իսկ ասելուց հետո պաշտոնից ազատում է գլխավոր քաղաքաշինարարին եւ Լոռու, իրեն շաաաատ նվիրված, մարզպետին:
Հարց՝ արդյո՞ք ճիշտ է վարվել նա ազատելով նրանց պաշտոններից եւ առաջարկելով աշխատանքից ազատել դրոշի նկատմամբ հարգանք չունեցող մարդուն: Իհարկե, նա շատ ճիշտ է վարվել: Ճիշտ է, ափսոս, որ դրոշի համար ազատեցին ոչ նրան ում պետք էր, քանի որ իսկական պատասխանատուն այդ ժամանակ իրենց ընտանիքի քիփն էր, բայց այս դեպքում դա արդեն էական չէ:
Այսուհանդերձ, մի շատ կարեւոր հարց մնում է. եթե դպրոցում վատ կախիչ դնելը վատ արարք է, որի համար պետք է պաշտոնանկ անել, իսկ արդյոք երկիրը պարտությունների մատնելը արժանի չէ պաշտոնանկության, մեղմ ասած, պաշտոնանկության:
Արդյո՞ք պաշտոնանկության արժանի չէ այն մարդը, որի արկածախնդիր որոշումների հետեւանքով ստացանք պատերազմ, որը չպետք է լիներ, ունեցանք հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ:
Հիմա մեկ այլ հարց՝ իսկ մի՞թե բարոյական իրավունք ունի երկիրը ծանրագույն հարվածների տակ դրած անձնավորությունը մի կախիչի համար մարդուն ազատել աշխատանքից:
Իհարկե, հիմա կշտապեք ասել, թե բա նախկիններն են մեղավոր, որ...
Իսկ ձեր կարծիքով Ղուլարյան Արմենը չի կարո՞ղ ասել, որ նախկիններն են մեղավոր, որ կախիչը լավը չի եղել, որ երկրում համատարած խաբեություն եւ բարոյալքում է, որ նորակառույց դպրոցներում, ոչ իր մեղքով, այլ «նախկին» ճարտարապետների, ավելի շատ զուգարան ու միջանցք կա, քան դասասենյակ: Կարող է ասել եւ մի օր ասելու է:
Իսկ մենք հիմա մի քանի օր կամ մի քանի ժամ կքննարկենք այս պաշտոնանկությունները եւ կհետեւենք ֆեյսբուքի առաջարկած հաջորդ թեժ թեմային, մինչեւ առաջարկեն մյուսը:
Top-News.am