ԿԳՄՍ նախարարի հրաժարականը քիչ է, ամբողջ կազմի հրաժարականն է պետք
Հիմա այնքան շատ են հայրենասիրությունից խոսում, բայց մենք լրիվ այլ տեղ ենք գնում: Հազար ու մի բան կորցնում ենք, որոնք հայրենասիրության ատրիբուտներն են. միայն հայրենասիրություն բառով չէ: «Բարեփոխումները» մեզ լրիվ այլ տեղ են տանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը՝ անդրադառնալով կրթության, մշակույթի ոլորտում տարվող քաղաքականությանը:
«Արհամարհված մշակույթ, տատասկով լցված մշակույթի դաշտ, հոգևոր դաստիարակության ամլացում. սրանք միայն խոսքեր չեն, համատարած սա է բոլոր բնագավառներում: Իսկ մշակույթը, հոգևորը, լեզուն շատ զգայուն են, եթե դրանցում մի բան արվում է, ազդեցություն է թողնում ամեն ինչի վրա: Ասում ենք՝ տնտեսությունը պետք է վերականգնենք, բայց առանց լեզվի, մշակույթի, ավանդույթների, հոգևոր դաշտի պահպանման ոչ մի տնտեսություն էլ չի զարգանա: Եթե մարդն իր հայրենիքը, հողը չսիրեց, այդտեղ տնտեսությունը զարգանալ չի կարող»,-ասաց Ղարաբաղցյանը:
Անդրադառնալով տարբեր խմբերի կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ հրապարակախոսն ասաց.
«Մեկ անձի հրաժարականը պահանջելով չէ. բոլորին էլ պարզ է՝ նա ինքնագլուխ չի գործում: Մեկ հոգու հրաժարականը շատ քիչ է, ամբողջ կազմի հրաժարականն է պետք, որովհետև շղթա է: Արայիկ Հարությունյանին հանեն, կբերեն մի ուրիշ «Արայիկ Հարությունյան»: Դրանով բան չի փոխվելու: Խնդիրն անձի մեջ չէ, երևույթի մեջ է: Պարզ երևում է, որ բոլոր գործողությունների «կացինն» ազգային արմատներին է խփում: Ցանկացած իշխանության համար հենքը կրթությունն է: Եթե գործող իշխանությունն ուզում է նորամուծություններ անել, պետք է շատ լավ իմանա, թե իրենից առաջ ինչ է եղել, ու տարբերակի նախնիներին նախկիններից»:
Նա ընդգծեց՝ կրթության, մշակույթի ոլորտում խնդիրներ են կուտակվել տարիներ շարունակ. «Այս խնդիրները նոր չեն, բայց հիմա, ինչպես ասում են, «տեղ հասանք»: Անկախությունից հետո՝ 30 տարվա մեջ այդ դաշտում ակնառու նվաճումներ չենք ունեցել, բայց կորն անընդհատ շարունակվել է՝ վերև-ներքև տատանվելով, բայց երբ հասել ենք մի կետի, երբ մշակութային զարգացման պայթյունը պետք է տեղի ունենար, միանգամից մի ուրիշ բան եղավ՝ «թավշյա հեղափոխությունը»՝ դառնալով կորի իջեցման պատճառը»,-ասաց նա:
Ղարաբաղցյանի խոսքով՝ «լուսավոր» սերունդը ոչ թե խոսքով, այլ գործով են դաստիարակում: «Կարգախոսներով չէ, պետք է դոկտրին ունենալ. ես նախարարի խոսքն էի լսում, որ ասում էր՝ խավարամիտների հետ գործ ունենք. ծիծաղելի է. մի ժամանակ «սև» ու «սպիտակի» բաժանում էր, հիմա՝ «խավարամիտների» ու «լուսավորների»: Մեզ համար հայրենասիրությունը խոսքով չի եղել, կենսակերպ է եղել. երբ կենսակերպը պակասում է, սկսում է բառերի շարան: Հիմա կարծես մի սև շրջանական ենք մտել ու անընդհատ դրա մեջ պտտվում ենք: Մենք ոչ մի անգամ նման շրջապտույտի մեջ չենք եղել: Վաղ թե ուշ այս սև շրջապտույտից դուրս ենք գալու, մի շրջան է, որ պետք է հաղթահարի ժողովուրդը»,- ասաց Ղարաբաղցյանը:
Նա կարևորեց նաև, որ այժմ քննադատությունը ևս որակյալ չի կատարվում, ու փոխադարձ վիրավորանքներ են հասցվում. «Դժգոհության արտահայտման տարբեր ձևեր կան. քննադատությունն ու դժգոհությունը տարբեր բաներ են. քննադատությունն այսօր անգրագետ, բամբասանքի նման բան է դարձել, մենք նաև խոսելու, բանավիճելու մշակույթն ենք այսօր կորցրել»,-ասաց Սպարտակ Ղարաբաղցյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...