Հայաստանին ուղղված ՌԴ-ի «փափուկ ուժի» նախագիծը կֆինանսավորվի նախագահական դրամաշնորհով․ OC Media
Ռուսաստանը նախագահի աշխատակազմի դրամաշնորհի հաշվին կֆինանսավորի «փափուկ ուժի» քաղաքականության շրջանակներում արտերկրում իր ազդեցության ընդլայնման նախագիծը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանին։ Այս մասին ռուսական ՌԲԿ պարբերականին հայտնել են աղբյուրները։ Ըստ առկա տվյալների՝ նախագծի բյուջեն կկազմի շուրջ 13 միլիարդ ռուբլի (165 միլիոն դոլար), գրում է OC Media-ն։ Այս ջանքերը համակարգելու է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։
Ինչպես գրել էր «Վեդոմոստին»՝ հղում անելով իր աղբյուրներին, Կիրիենկոն իրեն ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ միասին «սկսել է աշխատել հայկական թեմատիկայով», ինչն առաջին հերթին «նշանակում է նախագահի շահերից բխող աշխատանք, քանի որ դա ապահովում է պետական խնդիրների կատարումը»։
Պարբերականը նաև նշում է, որ խոսքն ուղղված է «ավելի շուտ տեղեկատվական, քան ընտրական աշխատանքին» և որ Կիրիենկոյի համապատասխան օրակարգն արդեն գործարկված է։
«[Հայաստանի] ղեկավարությունը գնալով ավելի է շեղվում դեպի Արևմուտք, ինչն անթույլատրելի է Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից»,- հայտնել է «Վեդոմոստիի» աղբյուրներից մեկը։
ՌԲԿ-ի նյութը լրացրել է պատկերը նոր մանրամասներով և լրացուցիչ վկայություններ է տրամադրել այն մասին, թե ինչպիսի նշանակություն ունի Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը Կրեմլի համար։
Ըստ աղբյուրի, նախագիծը ընդգրկելու է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ինը երկրներ, ինչպես նաև Աֆրիկան և այլ տարածաշրջաններ, սակայն 2026 թվականի հիմնական կենտրոնը լինելու է հենց Հայաստանը։
Նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող ֆինանսավորումից զատ, ՌԲԿ-ի աղբյուրները հայտնել են, որ իշխանություններն ակնկալում են նաև այլ կառույցների մասնակցությունը, մասնավորապես՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության և «RT» հեռուստաալիքի մասնակցությունը, որոնք այլ եղանակներով իրենց ներդրումը կունենան նախագծում։
Հայաստանում խնդիրներից մեկը, հավանաբար, կլինի ընդդիմության կազմակերպումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընթացիկ տարվա վերջին նախատեսված ընտրությունների նախաշեմին։ Չնայած այն բանին, որ Փաշինյանը պահպանել է հարաբերությունները Ռուսաստանի հետ և 2025 թվականի ընթացքում մի քանի անգամ այցելել է այդ երկիր, ռուսաստանյան ազդեցիկ մեկնաբանները սուր քննադատության են ենթարկել նրան և չեն թաքցրել Հայաստանում իշխանափոխություն տեսնելու և արևմտամետ կուրսից հրաժարվելու իրենց ցանկությունը։
Վերջին ամիսներին հայաստանյան և միջազգային փաստեր ստուգողներն արձանագրում են Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվության աճ, որը գալիս է ռուսաստանյան կամ Կրեմլի հետ կապված դերակատարներից, ինչպես նաև թուրքական և ադրբեջանական աղբյուրներից։
Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների կտրուկ վատթարացումը մեծապես սկսվել է 2021–2022 թվականներին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ Ռուսաստանի և Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից աջակցության բացակայությունից հետո։ Մեկ այլ լուրջ պատճառ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների «անգործությունը», երբ Ադրբեջանը հաստատել է տարածաշրջանի իննամսյա շրջափակում և 2023 թվականի սեպտեմբերին կայծակնային ռազմական գործողության միջոցով հարկադրել է այն կապիտուլյացիայի։
Աղբյուրը՝ News.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ