Եվրախորհրդարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոչ է արել
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն բանաձեւ է ընդունել Թուրքիայի վերաբերյալ, որտեղ կոչ է արել աշխատանքներ տանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորելու ուղղությամբ: Բանաձեւն ընդունվել է 51 կողմ, 3 դեմ եւ 14 ձեռնպահ ձայներով: Վերջնական քվեարկությունը տեղի կունենա հուլիսին, Եվրախորհրդարանի հաջորդ լիագումար նստաշրջանում:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն Թուրքիայում բարեփոխումների վերաբերյալ իր ամենամյա գնահատականում նշել է, որ 2016 թվականը ծանր տարի է եղել Թուրքիայի համար՝ կապված Սիրիայում պատերազմի հետեւանքով փախստականների հոսքի, ահաբեկչությունների եւ պետական հեղաշրջման փորձի հետ: Կոմիտեն դատապարտել է հեղաշրջման փորձը եւ իր համերաշխությունը հայտնել Թուրքիայի ժողովրդին:
Բանաձեւում ընդգծվում է ԵՄ-Թուրքիա լավ հարաբերությունների կարեւորությունը, բաց երկխոսությունը, որը առանցքային է ընդհանուր խնդիրները լուծելու համար, որոնց թվում են միգրացիան, անվտանգությունն ու ահաբեկչության դեմ պայքարը: Եվրապատգամավորները առաջարկել են արդիականացնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, իսկ նոր համաձայնագրի հիմքում դնել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարցը:
Այդուհանդերձ, Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ հեղաշրջման փորձին ի պատասխան Թուրքիայի իշխանությունների ձեռնարկած միջոցները անհամաչափ են: Նրանք ափսոսանք են հայտնում, որ Թուրքիայում փակում են լրատվամիջոցներ, զանգվածաբար աշխատանքից ազատվում են պետծառայողներ, կալանավորվում են լրագրողներ, դատավորներ ու իրավապաշտպաններ, ինչպես նաեւ փակվում են դպրոցներ ու համալսարաններ:
Ի գիտություն ընդունելով Թուրքիայում վերջերս տեղի ունեցած հանրքավեն, որով ընդլայնվեցին նախագահի լիազորությունները, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է արել ԵՄ-ին անհապաղ պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները, եթե Թուրքիայում բարեփոխումների սահմանադրական փաթեթը չփոփոխվի:
Կոմիտեն անհանգստություն է հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների, մամուլի ազատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներում առկա իրավիճակով: Նրանք դատապարտել են Թուրքիայում մահապատիժը վերականգնելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտադրությունը, ինչը կհանգեցնի ԵՄ-ին անդամակցության բանակցությունների անհապաղ դադարեցմանը:
Բանաձեւի ուղղումներից մեկում պատգամավորները կոչ են անում Թուրքիային եւ Հայաստանին աշխատանքներ տանել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եւ նշում, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է հանգեցնել հարաբերությունների կարգավորման:
«Չնայած բոլոր ներքին տարաձայնություններին, Եվրախորհրդարանը միակարծիք է, երբ խոսքը վերաբերում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին: Արտակարգ դրության շարունակումը անհամաչափ բացասական ազդեցություն է ունենում թուրք հասարակության վրա: Հազարավոր մարդկանց, այդ թվում պատգամավորների, քաղաքապետերեի կամայական կալանավորումները խիստ անհանգստացնող են»,-ասել է հոլանդացի պատգամավոր Քաթի Փիրին ու հավելել. «Քանի որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների փաթեթը չի համապատասխանում ԵՄ անդամության չափանիշներին, զեկույցը կոչ է անում պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները, եթե Թուրքիան շարունակի այդ փոփոխությունները: Մենք հույս ունենք, որ Թուրքիայի կառավարությունը լրջորեն կընդունի Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, ինչպես նաեւ այն փաստը, որ Թուրքիայի բնակչության կեսը դեմ է քվեարկել հանրաքվեի ժամանակ»:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի