Հունան Պողոսյանն ամփոփում է, թե մեկ տարում մանկապարտեզի քանի հանդեսի է մասնակցել
Մոտավորապես մեկ շաբաթ հետո Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կամփոփի իր պաշտոնավարման մեկամյակը։ Մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ներկայիս եւ նախկին իշխանությունների միջեւ բարիկադներն ապամոնտաժել, եւ այդ «ծրագրի» շրջանակներում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Իսկ նշանակումից հետո էլ, քանի որ մեծ ընդվզում կար, թե ինչու է նախկին իշխանության ներկայացուցիչը՝ երկարամյա փոխոստիկանապետը, նոր Հայաստանում պաշտոն ստանում, հայտարարեց, որ Հունան Պողոսյանի առաքելությունը Սյունիքում նարկոթրաֆիկի ողնաշարը կոտրելն ու օլիգարխիայի դեմ պայքարն է լինելու, գրում է hraparak.am-ը։
Մեկ տարի անց բարիկադները, իհարկե, չքանդվեցին, եթե չասենք՝ ավելի ամրացան, նարկոթրաֆիկի ողնաշարն էլ, կարծես թե, առանձնապես ճողվածքներ չի տվել, գոնե մեծ բացահայտումներ տեղի չեն ունեցել Սյունիքով դեպի երկիր մուտք գործող մեծաքանակ թմրամիջոցների հետ կապված։ Էլ չենք խոսում այն մասին, որ նարկոթրաֆիկի դեմ պայքարը մարզպետի պարտականությունների մեջ չի մտնում․ դա ոստիկանության գործունեության տիրույթում է։
Իսկ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքին ու ֆեյսբուքյան էջին հետեւելով՝ պարզ է դառնում, որ մեկ տարի շարունակ Հունան Պողոսյանի առաքելությունը սահմանափակվել է մարզի մանկապարտեզների հանդեսներին, մարզ եկող նկարիչների ցուցահանդեսներին ներկա գտնվելով եւ համաքաղաքային տոներին ու փառատոներին ակտիվ մասնակցությամբ:
Մարզպետարանի ֆեյսբուքյան էջում ու պաշտոնական կայքում հնարավոր չէ որեւէ ծանրակշիռ տեղեկատվություն գտնել, թե ինչ քայլեր է ձեռնարկում մարզի ղեկավարը Սյունիքի զարգացման, ներդրումային միջավայրի ձեւավորման եւ ռազմավարական նշանակության այլ հարցերի ուղղությամբ: Տպավորություն է, թե միջոցառումներով զբաղված մարզպետը չի տիրապետում իրավիճակին, եւ մարզը կառավարելու նրա ընկալումները սահմանափակվում են մշակութային միջոցառումներին մասնակցությամբ, երբեմն էլ, իր անձի շուրջ դրական կարծիք ձեւավորելու նպատակով, փողոցում զբոսնող մանկապարտեզների սաներին հրավիրում է աշխատասենյակ, լուսանկարվում նրանց հետ՝ փորձելով զբաղեցնել հանրությանը:
Քանի որ շուտով մարզպետն ամփոփելու է իր գործունեության մեկ տարին, ամենեւին էլ պատահական չէ, որ այս օրերին զբաղված է Կապանի օդանավակայանի աշխատանքների մասին տեղեկություններ նեկայացնելով: Թեեւ հայտնի է, որ սա նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ծրագիրն է եւ ֆինանսավորվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից, սակայն Հունան Պողոսյանը, իր թիմի աշխատաոճի շրջանակներում, բնականաբար, շտապելու է իրականացվող աշխատանքը վերագրել իրեն, քանի որ մեկ տարվա մեջ մարզում շոշափելի ոչինչ չի իրականացվել:
Անգամ այն պարագայում, երբ միլիոններ ծախսվեցին «Իմ քայլը՝ հանուն Սյունիքի» համաժողովի կազմակերպման եւ իրականացման համար, մինչեւ հիմա որեւէ կնքված պայմանագիր, որեւէ բիզնես նախաձեռնություն ու ներդրումային ծրագիր մարզում չի իրականացվել: Առհասարակ, մարզում միակ աշխատող համակարգը համայնքապետերն են, որոնք կոկրետ գործ են անում։ Մենք ցանկացանք պաշտոնավարման մեկամյակի կապակցությամբ մի քանի հարց ուղղել մարզպետին՝ հասկանալու, թե ինչպես է գնահատում այդ մեկ տարին եւ արված ի՞նչ գործեր կարող է մատնանշել։ Սակայն նա չցանկացավ մեզ հետ զրուցել, գործավարուհու միջոցով փոխանցեց, որ չափազանց զբաղված է, մեկ տարին է ամփոփում, նպատակահարմար գտնելու դեպքում կկապվի մեզ հետ։
Հունան Պողոսյանի հետ կապված՝ վերջերս մարզում մի ուշագրավ իրադարձություն է կատարվել։ Անցյալ շաբաթվա վերջին «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստ է տեղի ունեցել, եւ քննարկվել է հիմնադրամի տնօրենի հարցը: Նշենք, որ մի քանի ամիս է՝ հիմնադրամը տնօրեն չունի: Հունան Պողոսյանը, որը հոգաբարձուների խորհրդի նախագահն է, առաջարկել է Քաջարանի քաղաքապետի նախկին տեղակալ Կարեն Թադեւոսյանի թեկնածությունը, որին Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն աշխատանքից ազատել էր կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու պատճառով, մասնավորապես՝ ավտոտնակների սեփականաշնորհման համար գումար վերցնելու հետ կապված։ Թեմայի առնչությամբ փորձեցինք զրուցել Կարեն Թադեւոսյանի հետ եւս։ Նա, լսելով հարցը, ասաց, որ այդ պահին հարմար չէ խոսել, որ ավելի ուշ փորձենք, իսկ հետո այլեւս չպատասխանեց մեր զանգերին։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)