Ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցում Քաղավիացիայի կոմիտեի և կառավարության միջև հակասություն կա. Շ. Պետրոսյան
Տաթևիկ Ռևազյանը շատ հեռու է Քաղավիացիայից, ինքը հարցին ընդամենը որպես բիզնես է նայում, ոչ թե պետության իմիջի խնդիր է դնում: Ֆռֆռում է աշխարհով մեկ՝ ոչ մի արդյունք էլ չունենալով. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի այն հայտարարությանը, որ ինքը կտրուկ դեմ կլինի, եթե պետությունը մեծ ծախսեր անի ազգային փոխադրող ստեղծելու համար:
«Քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք և ԵՄ-ի հետ ոչ մի որոշակի քաղաքականություն չունենք, ոչ մի լոուքոսթեր էլ չի գա: Նույն բաց երկնքի քաղաքականությունը միակողմանի չի կարող լինել, դա բազմակողմանի է կամ գոնե երկկողմանի: Մեզ համար ոչ մի դռներ էլ բաց չեն, իսկ մենք «էստի համեցեք» սկզբունքով ենք շարժվում, բայց ոչ ոք էլ չի գալիս: Բլեֆ է, խոստումներով մարդկանց չես կերակրի, որ Ryanair ավիաընկերությունը կթռնի, եսիմ ով կթռնի... Վրաստան կթռնեն, բայց ՀՀ չեն թռնի»,-ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա՝ բաց երկինքը այն դեպքում է բաց, եթե դու էլ ունես քո սեփական ավիաընկերությունը, և քո համար էլ մնացած երկինքներն են բաց: «Այդ դեպքում կարող է աշխատի»,-ասաց նա:
Քաղավիացիայի վարչության նախկին պետը նկատեց, որ այս հարցով քաղավիացիայի և կառավարության միջև կա որոշակի հակասություն: «Այսինքն՝ ղեկավարը՝ նույն Տաթևիկ Ռևազյանը, հայտարարում է, որ մեզ պետք չի սեփական փոխադրող, իսկ կառավարությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, 2 ամիս առաջ հրապարակավ հայտարարեց, որ մենք ստեղծելու ենք սեփական ավիափոխադրողը, մեր ստրատեգիական պլանների մեջ է մտնում ստեղծել ազգային ավիափոխադրող: Եվ ես զարմանում եմ՝ եթե Վանեցյանը հակասություն ունի վարչապետի հետ, և նրան հեռացնում են, հիմա եթե Ռևազյանը հակասություն ունի, ինչո՞ւ իրեն չեն հեռացնում»,-ասաց նա:
Ըստ նրա՝ սխալ մոտեցում է չունենալ ազգային ավիափոխադրող ու թողնել, որ միայն օտարները ապահովեն թռիչքներ. «Մենք այն երկիրը չենք, որ օտարների վրա հույս դնենք. տեսանք՝ ինչ եղավ, երբ ամեն ինչը հանձնեցինք օտարներին: Տեսանք՝ երկաթգիծն ինչ վիճակում է հայտնվել. այնքան յուրացումներ են եղել, ռուսներն էլ շանտաժ են անում, ասում են՝ «որ տենց ա, մենք կթողենք, կգնանք»: Հիմա «Աերոֆլոտ»-ն էլ եթե այդպես ասի՝ «մենք կթողնենք, կգնանք», բա մենք մեր սեփականը չունենա՞նք, մանավանդ պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, երկրաշարժի վտանգ միշտ կա, շրջափակում ունենք, ցամաքային միայն Լարս, Թուրքիայի հետ սահմանը փակ է»:
Շահեն Պետրոսյանը նշեց, որ վարչապետի հայտարարությունից հետո մեկ ամիս առաջ ներկայացրել է ծրագիր, թե ինչպես ստեղծել սեփական ազգային ավիափոխադրող, բայց կառավարությանը դեռ պատասխան չունի:
«Հիմա հարցն այն է, որ քանի որ դա ռիսկային բիզնես է, և անցյալի փորձն էլ կա, դժվար իրագործելի է, բայց անցյալում «Հայկական ավիաուղիներ»-ի սնանկացումն արհեստական է եղել, այսինքն՝ հատուկ են սնանկացրել: Ինչ վերաբերում է «Արմավիային», փլատակների վրա ստեղծված ընկերություն էր, որը վատ մենեջմենթի պատճառով փլուզվեց: Հայկական ավիաուղիների բոլոր ունեցվածքը հանձնվեց յուրայիններին, մասնավորապես՝ Բաղդասարովին, որը շատ հեռու էր ոլորտից: Հաջորդ խնդիրը Զվարթնոց օդանավակայանի կոնսեսիոն պայմանագրով հանձնելն է Էռնեկյանին, որը իր հոր գներն է դրել այնտեղ, և այդ պատճառով շատ ռիսկային է սեփական ավիաընկերությունը, մինչև կոնկրետ հարցեր չլուծվեն»,-ասաց նա:
Շահեն Պետրոսյանը նաև նշեց, որ պետք է վառելիքի հարցը լուծեն: «Այնտեղ վառելիքի մենաշնորհ կա, և մինչև հիմա էլ այդ մենաշնորհը վերացված չի, եթե դա վերացվի, Զվարթնոցի 10 000 դրամներն էլ վերացվեն, պետությունն էլ ինչ-որ գումար ներդնի (քանի որ ռիսկային ոլորտ է), դրանից հետո կհայտնվեն լիքը հետաքրքրվողներ: Բացի այդ, քանի որ այս կառավարության նկատմամբ որոշակի վստահություն կա, կգտնվեն ներդրողներ, և մնացած գումարն էլ նրանք կներդնեն. խոսքը գնում է մոտ 50 մլն դոլարի մասին: Այսինքն՝ եթե 10-20 մլն դրվի այդ կազմակերպության ստեղծման վրա, կգտնվեն ներդրողներ: Իհարկե, հսկողությունը պետք է լինի պետական, որպեսզի նորից չկրկնվի նախկինը: Ես վստահեցնում եմ, որ ժամանակին «Հայկան ավիաուղիներ»-ը պետական ընկերությունն էր՝ մեծ շահույթով աշխատող»,-եզրափակեց նա:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին