Առկա է Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարեցման գործընթացը մեկնարկելու հիմք. սահմանադրագետ
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի դրսևորած դիտավոր անգործությունը պետք է արդեն վաղուց հետևանքներ ունենար և արժանանար իրավական գնահատանքի՝ համապատասխան իրավասություններն ունեցող մարմինների կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պառլամենտարիզի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Նշենք, որ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանի աշխատակազմը պատասխանել էր, որ Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց ի վեր չի մասնակցել Սահմանադրական դատարանի որևէ նիստի, այդ թվում՝ 10 դատաքննության, որոնցից որևէ մեկով առկա չի եղել մասնակցության անհնարինության հարց:
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանի դատավորը կանխամտածված չի կատարում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ խախտելով Սահմանադրության այդ լիազորությունների շրջանակը նախատեսող 168-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, և հետևաբար՝ սահմանադրորեն ամրագրված օրինականության սկզբունքը, համաձայն որի՝ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ստացվում է, որ Վահե Գրիգորյանը, մեր՝ հարկատուներիս հաշվին վարձատրվում է ոչինչ չանելու, Սահմանադրությունը և սահմանադրական օրենքները խախտելու համար, այսինքն՝ տևական ժամանակ ստանում է անօրինական անաշխատ աշխատավարձ»,– ասաց նա:
Գոհար Մելոյանի խոսքով՝ այս վարքագիծը պետք է արժանանա իրավական գնահատանքի իրավասու մարմնի, այս դեպքում՝ Ազգային ժողովի կողմից:
«Սահմանադրության 164-րդ հոդվածը հստակ սահմանում է ՍԴ դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը, որոնց թվին է դասվում՝ էական կարգապահական խախտում կատարելը: Այնուհետև՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը բացահայտում է, որ էական կարգապահական խախտում է ՍԴ դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը: Այսինքն՝ ակնհայտ է, որ առկա է Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարեցման գործընթացը մեկնարկելու հիմք: Ընդ որում՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման գործընթացը սկսելը ոչ թե Ազգային ժողովի իրավունքն է, այլ սահմանադրական պարտականությունը։
Փոխարենը՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ՝ ներկայացնելով իրավական ակտին ոչ բնորոշ հիմնավորումներով և հակասահմանադրական կարգավորումներով Ազգային որոշման նախագիծ: Այսքանից հետո, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները պնդում են, որ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական բնույթ չի կրում»,– ասաց նա:
Սահմանադրագետի խոսքով՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է։
«Անվիճելի է, որ ԱԺ-ում մեկնարկած գործընթացը դուրս է իրավական տիրույթից, հստակ քաղաքական է և ուղղված կոնկրետ անձի դեմ՝ ունենալով հստակ վերջնանպատակ՝ ձևավորել կառավարելի Սահմանադրական դատարան։ Այս պայմաններում, Ազգային ժողովում գործող խմբակցություններին անհրաժեշտ է գրավոր հարցադրում ներկայացնել, թե ինչով է պայմանավորված վերոհիշյալ իրավիճակի պայմաններում Վահե Գրիգորյանի նկատմամբ ակնհայտ տարբերակված և բարեհաճ վերաբերմունքը»,– ասաց նա։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին