ԱՄՆ կատարելիք այցն ընդամենը ֆորմալ բնույթ է կրելու
«Փաստը» գրում է. «Հայտնի է վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի օրակարգը: Սկզբից նա մեկնելու է Կալիֆոռնիա նահանգ, որտեղ սեպտեմբերի 22-ին մասնակցելու է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Պարկում նախատեսված հանրահավաքին:
Կալիֆոռնիայում վարչապետը նախատեսում է մասնակցել գործարար համաժողովի, որից հետո մեկնելու է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ: Այնուհետև Փաշինյանը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Ինչպես տեսնում ենք, վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում ԱՄՆ որևիցե բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպում չի նախատեսվում, այն պարագայում, երբ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում էր, թե հայ-ամերիկյան հարաբերությունները շատ բարձր մակարդակում են, և Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպումն իրենց օրակարգում է:
Քաղաքագետները կարծում են, որ ՄԱԿ-ում Փաշինյանը առավելագույնը կարողանա պարզապես լուսանկարվել և երկու բառ փոխանակել նախագահ Թրամփի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սակայն զարմանալի է, որ Հայաստանի իշխանություններին չի հաջողվել գոնե հանդիպում կազմակերպել վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Պոմպեո ֆորմատով:
Պաշտոնական շրջանակների հետ հանդիպումների բացակայությունը փաստում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իսկապես առաջընթաց չկա: Հնարավոր է՝ առաջընթացի իմաստ էլ չկա ԱՄՆ-ի համար, բայց հնարավոր է, որ պարզապես ոչինչ չի հաջողվում անել:
Իսկ հասկանալու համար, թե ինչու է հայ-ամերիկյան հարաբերություններում այսպիսի իրավիճակ ստեղծվել, պետք է խնդիրը դիտարկել մի կողմից աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում, իսկ մյուս կողմից էլ ՀՀ նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության շրջանակներում:
Աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ շարունակում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի կողմից խիստ պատժամիջոցների տակ հայտնված Իրանի հետ:
Մյուս կողմից՝ Հայաստանը ոչ միայն շարունակում է դաշնակցային հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որը նույնպես տևական ժամանակ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է, այլև ռուսական զորամիավորումների կազմում հայկական մարդասիրական զորախումբ է ուղարկում Սիրիա, իսկ դա բացասական արձագանքի է արժանանում ԱՄՆ-ի կողմից:
Հայաստանը շարունակում է խորացնել իր հարաբերությունները նաև Չինաստանի հետ, որի հետ ԱՄՆ-ն ներկայումս առևտրային պատերազմի մեջ է:
Տնտեսական և ռազմավարական առումով Հայաստանը շատ քիչ հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար, սակայն այդ հետաքրքրության աստիճանը պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական տեղաշարժերով, այլև Հայաստանի քայլերով:
Եվ չնայած մեր երկրի համար ստեղծված ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններին՝ ՀՀ իշխանությունները կարող էին ելքեր գտնել հայ-ամերիկյան հարաբերություններում նոր օրակարգ ձևավորելու և համագործակցությունը խորացնելու համար:
Սակայն դրա փոխարեն ներկայիս իշխանություններն ընտրեցին պասիվ գործելակերպ, քանի որ հույս ունեին, թե հենց ԱՄՆ-ն պետք է հետաքրքրություն ցուցաբերի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության նկատմամբ, սակայն այդ հույսերը սին դուրս եկան, իսկ հարաբերությունների զարգացումը մնաց «կոտրված տաշտակի առաջ»:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանը, չնայած ԱՄՆ-ում մեծաթիվ հայ համայնքի առկայությանը, այս մեկուկես տարվա ընթացքում չկարողացավ նախաձեռնողականություն ցուցաբերել ԱՄՆ-ի հետ գործակցության խորացման ուղղությամբ, իսկ այդ ընթացքում Ալիևին հաջողվում էր Թրամփի կողմից շնորհավորանքներ և նամակներ ստանալ:
Թերևս Փաշինյանը, տրվելով հետհեղափոխական էյֆորիայի ալիքին և հիմնականում կենտրոնանալով նախկին իշխանությունների դեմ պայքարին, հենց սկզբից անտեսեց մեր արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղությունը, այլապես լուրջ պրոֆեսիոնալ թիմ կհավաքեր, որը ջանքեր կգործադրեր ամերիկյան պետական շրջանակների հետ հարաբերվելու, հայ-ամերիկյան օրակարգ ձևավորելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...