ՀՔԾ-ն կեղծ դրվագներ է հորինե՞լ՝ մեղադրանքը տպավորիչ դարձնելու համար
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների քրեական գործով դատավարության մեկնարկը դատարանում դեռ մշուշոտ է։ Ճիշտ է՝ վերաքննիչ դատարանը վերացրեց ՍԴ դիմելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի որոշումը, սակայն պաշտպանական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ այն բողոքարկելու է վճռաբեկ դատարան, իսկ Սահմանադրական դատարանն էլ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի երեք դիմում։ Ասել է թե՝ անկախ ամեն ինչից Բարձր դատարանում քննարկվելու է երկրորդ նախագահին սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցը։
Քրեական գործի հանրային մեծ հնչեղությունը նկատի ունենալով՝ «Փաստինֆո»-ն հրապարակել է Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ, որտեղ կային բավական ուշագրավ դրվագներ՝ մի շարք այլ բարձրաստիճան նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Քաղաքական երանգներ պարունակող դատավարական այդ փաստաթղթում՝ առերեւույթ հանցավոր արարքներ էր վերագրվել մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
Մասնավորապես՝ ՀՔԾ-ի կողմից կազմված փաստաթղթում առկա է հետեւյալ միտքը «Մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի (խոսքը գնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների մասին- հեղ.) օգնականի պաշտոնին նշանակված Գ.Կոստանյանի և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008թ. մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին»։
Իսկ կաշառքի դրվագով առաջադրված մեղադրանքում նշվում է. «Ս. Համբարձումյանը 2008 թվականի հունվարի վերջին օրերին Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է ՀՀ բարձրաստիծան պաշտոնյաներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Նրանց համաձայնությունը ստանալու հետ միաժամանակ, Ս. Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասի օտարման գործարքի կնքմանը և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից: Կաշառք տալու առաջարկը Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով հայտնել է հիշյալ պաշտոնատար անձանց: Մի քանի օր անց, Ս, Համբարձումյանը Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը»:
Այլ խոսքով՝ ՀՔԾ-ն նախկին պաշտոնյաներին վերագրել է հանցավոր արարքներ՝ մի դեպքում ՀՀ նախագահի նախկին օգնականներին, որոնցից մեկը հանգուցյալ, պաշտոնեական դիրքը չարաշահում եւ պաշտոնեական կեղծ փաստաթղթերի կազմման կազմակերպում, իսկ նախկին արտգործնախարարին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու միջնորդություն, օժանդակություն։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՔԾ եւ դատախազություն՝ պարզելու արդյոք Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հիշատակվող նախկին պաշտոնյաների գործողություններին տրվել է իրավական գնահատական, թե ոչ։ Մասնավորապես՝ կայացվե՞լ են քրեական հետապնդում իրականացնելու, կամ չիրականացնելու՝ օրինակ Գեւորգ Մհերյանի մահվան հիմքով, որոշումներ։ Քանզի ենթադրվում է, որ եթե Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հաստատապես նշվում է, որ կատարվել են կեղծիքներ՝ Ռ.Քոչարյանի պաշտոնավարման ավարտից հետո, հետեւապես պետք է, որ անդրադարձ կատարված լիներ նաեւ այն անձանց գործողություններին, որոնք ենթադրաբար արել են դրանք կամ կազմակերպել։
Բայց, ի զարմանս, պաշտոնական պատասխան ստացանք առ այն, որ 2018-2019թթ. ՀՔԾ վարույթում քննվող «Մարտի 1-ի» քրեական գործով ընդհանրապես որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, դադարեցնելու մասին որոշում չի կայացվել։ Ինչ վերաբերում է՝ Գ.Կոստանյանին, Գ.Մհերյանին, Վ.Օսկանյանին, ապա նրանց վերաբերյալ ընդհանրապես որեւէ որոշում չկա։ «Հարցման մեջ նշված անձանց նկատմամբ քրեական գործով դատավարական որոշումներ չեն կայացվել»,- գրված է դատախազության պատասխանի մեջ։ Այսինքն՝ ոչ մեղադրանք է առաջադրվել, ոչ էլ՝ դադարեցվել։
Ստացվում է՝ ՀՔԾ-ն Քոչարյանին առաջադրված մեղադրանքում շարադրում է հանցավոր դրվագներ, սակայն որեւէ իրավական գնահատական չի տալիս այն անձանց գործողություններին, որոնք, ըստ ՀՔԾ-ի, դրանք ենթադրաբար կատարել են։ Նրանք այսպես կոչված՝ ֆոնային պերսոնաժներ են եղել ՀՔԾ-ի համար՝ որոշման ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով։
Բայց վաղը դատարանում պետք է քննարկվեն չէ՞ ապացույցները, թե ինչ հիմքով է ՀՔԾ-ն պնդել, որ կատարվել են կեղծումներ՝ օրինակ մահացած պաշտոնյայի հրահանգով, եթե հիմքերը կան, ապա ինչու են անգործություն ցուցաբերել ու իրավական գնահատական չեն տվել նրա գործողություններին։ Իսկ միգուցե ՀՔԾ-ն ի սկզբանե հասկացել է, որ այս գործը դատական հեռանկար չունի եւ գործը ապացույցների հետազոտման փուլին չի հասնի։
Ի՛նչ է սա՝ նախաքննական տվյալների կեղծո՞ւմ, թե՞ հոգեբանական գրոհ և ո՞վքեր են հասցեատերերը՝ տուժողների հարազատնե՞րը, Հայաստանի քաղաքացինե՞րը, իսկ գուցե՝ ֆեյքե՞րը…


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է