«Ո՛չ, այս երկիրն ազատ չէ՛, այս երկրում քրդական հարցը չի՛ լուծվել»․ Հասան Ջեմալը՝ Էրդողանին
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, T24 կայքի իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին քրդաբնակ Դիարբեքիրում տեղի ունեցած հանրահավաքին ու դրա ընթացքում հնչեցրած հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Էրդողանը Դիարբեքիրում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայում քրդական հարց այլևս գոյություն չունի։
«Այսօր՝ 2018 թվականին, Թուրքիայում այլևս չկա այն խնդիրը, որ կոչվում է քրդական հարց: Մեր առջև կա միայն մեկ՝ ահաբեկչության խնդիր, որն էլ հիմա լուծում ենք», - ասել էր Էրդողանը։
«Էրդողանին եմ լսում։
Ասում է՝ «Մենք քրդական հարցը լուծել ենք»։
Ասում է՝ «Թուրքիան այլևս քրդական հարց չունի»։
Ասում է՝ «Այսօր Թուրքիան առավել ազատ է, քան 16 տարի առաջ»։
Նա իսկապես ասում է այս ամենը։
Ականջներիս չեմ հավատում», - գրել է Հասան Ջեմալը։
Նա նշել է, որ երկար է մտածել՝ առհասարակ արձագանքել Էրդողանի այս հայտարարություններին, թե արհամարհել, սակայն, ի վերջո, որոշել է գրել։
«Նստել եմ համակարգչի դիմաց, ասում եմ՝ մի երկու տող գրեմ։ Բայց ի՞նչ գրեմ։ Գրելն այս դեպքում չի՞ նշանակի, որ լուրջ եմ ընդունել այս խոսքերը։ Եթե արհամարհեմ՝ ավելի լավ չի՞ լինի։ Եթե գրեմ՝ կարող է և չկարողանամ ինձ զսպել։ Դիարբեքիրում քրդերի աչքերի մեջ նայելով ասում է «Քրդական հարցը լուծել ենք»։ Կարողանում է ասել, թե մենք ազատ երկիր ենք։ Այն դեպքում, երբ քրդամետ ժողովրդադեմոկրատների առաջադրած նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը բանտում է՝ Էրդողանն ազատ երկրի մասին է խոսում»,- գրում է Ջեմալը։
Թուրք մտավորականը հիշեցրել է նաև, որ Էրդողանի հանրահավաքի վայրից քիչ հեռու գտնվում է Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասը, որը գրեթե ամբողջովին հողին է հավասարեցվել 2015 թվականին, մինչդեռ Էրդողանը հանրահավաքի ժամանակ խոսել է առաջընթացի ու քաղաքաշինության իրենց մեծածավալ ծրագրերի մասին։
«Ամեն դեպքում, ես կրկին լուրջ կընդունեմ ու կգրեմ։ Ինքս ինձ վրա էլ բարկանում եմ, որ գրում եմ։ Բարկանում եմ, որ նորից կրկնվում եմ։ Բայց ասեք, ուրիշ ի՞նչ կարող եմ անել։ Այո՛, այստեղից բացականչում եմ․ ո՛չ, այս երկիրն ազատ չէ՛, այս երկրում ժողովրդավարություն չկա՛, այս երկրում քրդական հարցը չի՛ լուծվել, դեռ մի բան էլ ավելի է խորացել։ Ձայնս լսող կա՞։ Ականջ դնող կա՞»,- եզրափակել է Հասան Ջեմալը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին