Խաղողի իրացման երկու իրականություն Արմավիրում
Արմավիրի մարզում մեկ տարվա ընթացքում խաղողի այգիները ավելի քան 200 հեկտարով պակասել են։ Հիմնական պատճառներից մեկը բերքի իրացման խնդիրներն են։ Տեխնիկական սորտի խաղողագործները հիմնականում գոհ են մթերման ընթացքից՝ բերքը հանձնել են 135-150 դրամով։ Սեղանի սորտերի, հատկապես քիշմիշի դեպքում, պատկերը հակառակն է․ բերքը երկար ժամանակ մնացել է այգիներում, իսկ մի մասն իրացվել է ցածր գնով։
Արմավիրի մարզում խաղողի մթերումն այս տարի սկսվել է սեպտեմբերի կեսին՝ 135-150 դրամով՝ կախված շաքարայնությունից։
Քարակերտից Արթուր Գալստյանը 4500 քմ կանգուն սորտի խաղողի այգի ունի։ Տեխնիկական սորտի տարածքն աստիճանաբար ավելացրել է։
«Ես նորատունկ այգիներ ունեմ, բայց ավելի վերևի մասում է, սա մի 10 տարի առաջ եմ հիմնել։ Այս տարի 85-90 տոննա բերք ունեմ, իսկ պայմանագիրը կնքել եմ 70 տոննա, մնացածն էլ՝ մի բան կանեմ»։
Խաղողը մթերել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը՝ 1 կիլոգրամը 140 դրամով։ Մարզում խաղող են մթերել մոտ 12 ձեռնարկություններ։ Հացիկից մեր մյուս զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, տարիներ շարունակ բերքն իրացնում է «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի Ամասիայի մասնաճյուղում։ Այս տարի գործարանը խաղողն ընդունել է 150 դրամով։
«30 շարք է, 7500 քմ։ Այգին 25 տարի առաջ ենք հիմնել, բերքն էլ ամեն տարի հանձնում ենք Ամասիայի գործարանում։ Պայմանագիրը կնքում ենք տարվա բերքի կտրվածքով, այս տարի բերքը լավ է, 20 տոննայի համար ենք կնքել պայմանագիր, իսկ մեր բերքը՝ 22 տոննա է»։
Ավելացած բերքն էլ խնդիր չէ՝ գյուղացին ասում է՝ դրանից օղի ու գինի կստանա։
Իրավիճակն ավելի բարդ է սեղանի սորտերի դեպքում։ Ալաշկերտում մեծամասամբ քիշմիշ են մշակում։ Այն շուկայում բարձր արժեք ունի, բայց այս տարի իրացման խնդիր է առաջացել։
Ալաշկերտի վարչական ղեկավար Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ բերքի մի մասը տարբեր գործարաններին են հանձնել, մի մասը՝ պահել սառնարաններում։
«Կամաց-կամաց իրացրին՝ որը Ամասիայի մասնաճյուղում, որը՝ սառնարանում դրեցին, խառը էլի, տարբեր տեղեր։ Արմավիրում էլ են հանձնել 120-130 դրամով, նույնիսկ՝ ցածր գնով։ Գները տարբեր են եղել»։
Գյուղատնտես Կարեն Գաբրիելյանն ասում է, որ քիշմիշը տեխնիկական սորտ չէ, ու գինեգործության համար այնքան արդյունավետ չէ։ Փոխարենը կարելի է զարգացնել դրա վերամշակումը՝ հատկապես չամիչի արտադրությունը։
«Քիշմիշը տեխնիկական սորտ չի, հյութը քիչ է, և որպես գինենյութ, լավ որակի սպիրտ չի տալիս։ Քիշմիշի հյութից 50 տոկոս դուրս կգա, իսկ տեխնիկական սորտերից՝ 70 տոկոս։ Այդ առումով էլ ձեռնտու չէ։ Մեզ թվում է, թե քիշմիշը քաղցր է, բայց իրականում դրա թթուներն են քիչ։ Չամիչ էլ թող անեն, քիշմիշից ընտիր չամիչ է լինում։ Չե՞ն ուզում մի քիչ աշխատեն»։
Մարզի մշտական խաղող վերամշակող ձեռնարկություններն արդեն ավարտել են մթերումը։ Արմավիրի պահածոների գործարանի տարածքում նորաբաց արտադրամասը դեռ ընդունում է տարբեր սորտերի խաղող։
Արգավանդից Ռաֆայել Մաթևոսյանը մեղրաբույր սորտից այս տարի 1000 քմ-ից 6 տոննա բերք է ստացել և ամբողջությամբ հանձնել Արմավիրի պահածոների գործարանին։
«135 դրամով են մթերել, իսկ անցած տարի հանձնել եմ Արտաշատում՝ 140 դրամով։ Մեղրաբույրն ամեն գործարան չի վերցնում, Պռոշյանի մասնաճյուղն է Արտաշատում ընդունում։ Վճարում են երկու աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Մեղրաբույրն ուշ է հասնում, մինչև մեր քաղելն արդեն Արմավիրի մասնաճյուղը փակվում է»։
Տեղում մթերելու շնորհիվ Ռաֆայելը խնայել է ժամանակն ու տեղափոխման ծախսը։ Այլ մարզ տեղափոխելիս բեռնատարի վարորդներին կրկնակի վճարելու անհրաժեշտություն է առաջանում։
Այս տարվա մթերման պատկերը ցույց է տալիս՝ Արմավիրում խաղողի սորտից կախված՝ իրացման հնարավորությունները տարբեր են․ տեխնիկական խաղողը հիմնականում իրացվել է, իսկ սեղանի սորտերի դեպքում խնդիրները դեռ պահպանվում են։
armradio.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում
Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները
Իսրայելի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլանները
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը