ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՔՊ վարչության նիստում քվեարկության արդյունքում ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու հանգամանքին:
Ռուբինյանը շեշտել է, որ ՔՊ կուսակցության վարչության ընթացակարգերը տարբեր պաշտոններում թեկնածու ընտրելիս կամ տարբեր որոշումներ կայացնելիս միշտ նման են։ «Թեկնածուները ելույթներ են ունենում, հնչում են հարցեր, հետո լինում են եզրափակիչ ելույթներ ու քվեարկություն։ Կոնկրետ այս դեպքում բոլոր թեկնածուները ներկայացրել են իրենց տեսլականը, փորձել են ընդգծել իրենց առավելությունները և գրանցվել է հայտնի արդյունքը։ Չեմ կարող ասել՝ դա սպասելի էր, թե ոչ, սակայն արդյունքից շոյված եմ։
Վստահությունը ինձ համար շատ պարտավորեցնող է, բայց չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը։ Ալեն Սիմոնյանը շատ լավ ԱԺ նախագահ է եղել և առաջինն է, ով նախագահել է մինչև ժամկետի ավարտը։
Հայկ Կոնջորյանը եղել է խմբակցության շատ լավ ղեկավար։ Մենք նախորդ հինգ տարիների ընթացքում իրականացրել ենք շատ մեծ և պատասխանատու աշխատանք՝ անցնելով մեծ փորձությունների միջով»,- ասաց Ռուբինյանը։
Նա հավելեց, որ իրենց թիմի մասնակցությամբ և աջակցությամբ է տեղի ունեցել խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուստի նպատակաուղղված են միասին շարունակել աշխատել։
Ռուբինյանը հիշեցրեց, որ ՔՊ վարչության քվեարկությունները փակ են և գաղտնի։ «Ենթադրում եմ, որ գործընկերների մեծ մասը համարել է, որ այս փուլում ճիշտ կլինի, որ ես զբաղեցնեմ այդ պաշտոնը, և դա նորմալ գործընթաց է։ Քաղաքական առումով որոշումը կայացված է»,- ասաց Ռուբինյանը։
«Քաղաքացիական պայմանագրի» վարչության այսօրվա նիստում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ ԱԺ նախագահի առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու էր մեկը։ Մամուլում շրջանառվում էր ԱԺ նախագահի աթոռի համար պայքարող 3 թեկնածուի անուն՝ Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան և Հայկ Կոնջորյան։
Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կազմակերպվում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում, թեկնածու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները: Խոսնակն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ունենում է երեք տեղակալ, որոնցից մեկը՝ ընդդիմության կազմից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...