Նրա խոսքով՝ իրականացված մշտադիտարկման արդյունքում տարբեր բնույթի խախտումներ արձանագրվել են շուրջ 800 ընտրատեղամասում, ինչը դիտարկված տեղամասերի մոտ 44 տոկոսն է։
Իոաննիսյանը մանրամասնել է, որ արձանագրված խախտումների զգալի մասը կապված է եղել ընտրական գործընթացի կազմակերպման և քվեարկության գաղտնիության ապահովման հետ։
Մասնավորապես, դիտարկված ընտրատեղամասերի 7 տոկոսում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ։ Խոսքը վերաբերում է ընտրական գործընթացի ընթացքում սահմանված կանոնների և ընթացակարգերի ոչ լիարժեք կամ ոչ պատշաճ կիրառմանը։
Բացի այդ, տեղամասերի 6 տոկոսում արձանագրվել են քվեարկության գաղտնիության ապահովման հետ կապված խնդիրներ։ Եվս 6 տոկոսում արձանագրվել են այնպիսի խախտումներ, որոնք, ըստ դիտորդների, կարող էին ռիսկեր ստեղծել ընտրության գաղտնիության համար։
Դիտորդական առաքելության տվյալներով՝ ընտրատեղամասերի 3 տոկոսում արձանագրվել են լարված իրավիճակներ կամ վեճեր, որոնք խաթարել են բնականոն աշխատանքային մթնոլորտը։ Եվս 3 տոկոսում արձանագրվել են քարոզչության դրսևորումներ, որոնք ընտրական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների տեսանկյունից խնդրահարույց են համարվում։
Անդրադառնալով քարոզչության դեպքերին՝ Դանիել Իոաննիսյանը նշել է, որ դրանք հիմնականում արտահայտվել են քաղաքական ուժերի խորհրդանիշներով կամ քարոզչական բովանդակությամբ շապիկների, գլխարկների և կրծքանշանների կիրառմամբ։
«Քարոզչության դրսևորումները հիմնականում եղել են քարոզչական բովանդակություն պարունակող շապիկներ, գլխարկներ և կրծքանշաններ։ Այդ դեպքերը հիմնականում արձանագրվել են օրվա սկզբին և արդեն լուծվել են»,- ասել է Իոաննիսյանը։
Նա ներկայացրել է նաև տվյալներ այն մասին, թե ովքեր են եղել արձանագրված խախտումների հեղինակները՝ այն դեպքերում, երբ դիտորդներին հաջողվել է նույնականացնել պատասխանատու անձանց։
Ըստ ներկայացված վիճակագրության՝ խախտումների շուրջ 7,5 տոկոսի դեպքում պատասխանատուն եղել է տեղամասային ընտրական հանձնաժողովը։ Մոտ 1 տոկոսի դեպքում խախտումները վերագրվել են ոստիկանության ծառայողներին։
Միաժամանակ, արձանագրված դեպքերի շուրջ 7,8 տոկոսի դեպքում խախտման հեղինակը եղել են քաղաքական ուժերի վստահված անձինք, իսկ մոտ 9,5 տոկոսի դեպքում՝ ընտրողները։
Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է նաև քաղաքական ուժերի վերաբերյալ վիճակագրություն՝ այն դեպքերի մասով, երբ հնարավոր է եղել պարզել խախտում կատարած անձի կուսակցական պատկանելությունը։
Նրա խոսքով՝ նման դեպքերի 39 տոկոսում խախտման հեղինակը կապ է ունեցել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի հետ։ Դեպքերի 29 տոկոսում խախտումը վերագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 9 տոկոսում՝ «Հայաստան» դաշինքին, իսկ մոտ 8 տոկոսում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչը նշել է, որ դիտորդական առաքելությունը շարունակում է տվյալների հավաքագրումն ու ամփոփումը, և ընտրությունների ավարտից հետո կներկայացվի առավել ամբողջական զեկույց՝ արձանագրված խախտումների, դրանց բնույթի և ընտրական գործընթացի ընդհանուր գնահատականի վերաբերյալ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ