Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը Կառավարության առաջիկա տարվա առաջնահերթություններից է՝ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ նոր սահմանադրության մշակման ճանապարհին ժամկետից չեն շեղվելու։ Թեև դեռ բավական անելիք կա փաստաթղթի մշակման հարցում, բայց նախարարն արդեն նաև ժամկետ է հրապարակել, թե երբ է հանրության դատին հանձնվելու նոր սահմանադրության տեքստը։ Արդյոք հանրաքվեի ժամկետները հարմարեցվելու են Բաքվից հնչող պայմաններին և խաղաղության պայմանագիր կնքելու ձգտումներին։
Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մարտին՝ հաստատել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Հանրաքվեի ժամկետ, սակայն, դեռ որոշված չէ։ Այս պահին այս առումով որոշակի է, որ օրենքով արգելված է հանրաքվեն և համապետական ընտրությունները համաժամանակ կազմակերպելը։
Նոր սահմանադրության ընդունման ժամկետի հարցն ուշագրավ է նաև այն առումով, որ Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա:
Մի կողմից օրերս խորհրդարանի պատգամավորի մակարդակով Բաքվից կարծիք էր հնչել, որ պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, այսինքն՝ մինչև հունիս։ Մյուս կողմից կա Անկախության հռչակագրին հղմանն առնչվող թեման։
Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը, ըստ Գալյանի, այս հարցին դեռ չի անդրադարձել, որոշել են ներածության խմբագրումը թողնել աշխատանքների ամենավերջում։
Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Փաշինյանը իր անձնական քաղաքական դիրքորոշումն էր հայտնել, որ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Արդարադատության նախարարը վստահեցնում է, որ այսպես ասած կուլիսային մոտեցումներ չկան։ Ամեն ինչը կքննարկեն նախագիծը հանրությանը ներկայացնելիս։
Սահմանադրական փոփոխությունների խորհրդի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիրների որոշումը չի կարող նոր սահմանադրության լեգիտիմության հարց առաջացնել՝ ընդգծում է Գալյանը;
Թեև նոր Սահմանադրության նախագծի տարբեր գլուխներ խորհրդում դեռ չեն քննարկել, բայց արդեն հստակ գիտեն, որ Հայաստանում կառավարման գործող համակարգը չի փոխվելու․ Հայաստանը մնալու է խորհրդարանական կառավարմամբ երկիր։ Հետևաբար մինչև Սահմանադրության հանրաքվեն, քաղաքական ուժերը գիտեն՝ինչ կանոններով են մրցապայքարի մեջ մտնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Արդարադատության նախարարն, ի դեպ, փակագծեր բացեց կայացված այն որոշման առումով, որ կուսակցությունների համար նախընտրական շրջանում «խաղի կանոններ» փորձելու են չփոխել։ 2025–ի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության հարցը կարող է ազդել ընդհուպ ընտրություններին կուսակցությունների մասնակցության–չմասնակցության հարցի վրա։ Գալյանը հիշեցնում է, որ թափանցիկությանն առնչվող նոր կարգավորումներ ընդունվել են անցած տարվա ընթացքում, բայց սա դեռ ամենը չէր․
Հայաստանի համապետական ընտրություններից առաջ խաղի կանոնների որոշակի փոփոխություն մինչդեռ ակնկալում են միջազգային կառույցներում։ Վերջին անգամ այդ խնդիրների մասին, մասնավորապես, անդրադարձ կա ԵԽԽՎ կողմից օրերս ընդունված բանաձևում։ Վեհաժողովը կոչ է անում բարելավելու քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները, որպեսզի ընտրարշավը լինի խնդիրների և քաղաքականության վրա հիմնված, և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից: Եվրոպական կառույցը նաև նպատակահարմար է գտնում քաղաքական դաշտում համապատասխան վարքագծի կանոնների ընդունում։ Բայց մինչև այս բանաձևի ընդունումը Հայաստանի կառավարությունում արդեն մշակում էին մեխանիզմներ ատելության խոսքի դեմ պայքարի համար։
Առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ դիտորդների լիազորությունների հետ կապված փոփոխություններ արդեն արվել են։ Հետագա շահարկումներից խուսափելու համար նախընտրական փուլից առաջ նախարար Գալյանը հիշեցնում է նաև ՀՀ օրենսդրական դաշտում առկա մյուս կարգավորումները, համաձայն որոնց՝ կան մարմիններ և մարդիկ, ում արգելված է մասնակցել նախընտրական քարոզարշավին։ Կրոնական կազմակերպությունները հատուկ նշված են այդ կարգավորումներում։
Ռադիոլուռ


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ