Նարեկ Կարապետյանի պնդումը, թե Փաշինյանի աշխատակազմի ծախսերը քառապատկվել են, սխալ է
Fip.am-ը գրում է․
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ծախսերը Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին քառապատկվել են, ավելին՝ Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի, Դանիայի թագավորական ընտանիքների տարեկան ծախսերի համագումարը չի գերազանցում ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան ծախսը։ «Իր (նկատի ունի Փաշինյանի-խմբ․) կառավարման ընթացքում վարչապետի աշխատակազմի ծախսերը ավելացել են չորս անգամ, սարքել է վարչապետի աշխատակազմի ծախսերը 65 մլն դոլար», -հրապարակած տեսաուղերձում ասում է Կարապետյանը։
Այս հայտարարությունը, առանց ճշտելու, տարածել են հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ (1, 2, 3, 4, 5)
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս պնդումները և պարզել, որ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ավելին նրա համեմատությունները խիստ մանիպուլյատիվ են։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ծախսերի աճը
Պետական բյուջեն երկրի գլխավոր ֆինանսական պլանն է։ Այն ցույց է տալիս, թե պետությունը որտեղից է հավաքում գումարը (հարկեր, տուրքեր, այլ եկամուտներ) և ինչի վրա է ծախսում այն։
2019 թվականին հաստատված պետական բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացվել էր 20,4 միլիարդ դրամ, որը համարժեք էր 47 միլիոն ԱՄՆ դոլարի։ 2026 թվականին արդեն այս թիվը մեծանում է մոտ 5․5 միլիարդ դրամով՝ դառնալով 25,9 միլիարդ դրամ կամ 67 միլիոն դոլար։
Վարչապետի աշխատակազմի ծախսերը չեն քառապատկվել, ինչպես պնդում էր Կարապետյանը, այլ ավելացել են ընդամենը 1․27 անգամ։
Եվրոպական միապետությունների ծախսերը
Ստորև ներկայացված են պաշտոնական աղբյուրներից վերցված տարեկան ծախսերը, որոնք վերաբերում են Կարապետյանի թվարկած երկրների թագավորական ընտանիքների հիմնական ֆինանսավորմանը։ Տվայլները ներառում են երկրների վերջին հրապարակած թվերը։
Իսպանիայում թագավորական ընտանիքի ֆինանսավորումը սահմանվում է տարեկան բյուջեով։ 2025 թվականի համար Իսպանիայի թագավորական տան բյուջեն կազմել է 8.43 միլիոն եվրո, ինչը շուրջ 9.3 միլիոն դոլար է։ Այս գումարը նախատեսված է թագավորի և թագավորական ընտանիքի գործունեության ապահովման համար և չի ներառում անվտանգության և այլ պետական կառույցների ծախսերը։
Շվեդիայում թագավորական ընտանիքի ֆինանսավորումը ներկայացվում է միապետության տարեկան հաշվետվությունում։ 2024 թվականին այդ բյուջեն կազմել է 99.1 միլիոն շվեդական կրոն, ինչը մոտ 9.8 միլիոն ԱՄՆ դոլար է։ Նշված գումարը վերաբերում է միայն թագավորի ինստիտուտի գործունեությանը և չի ներառում թագավորական պալատների պահպանման ամբողջական ծախսերը։
Բելգիայի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին թագավորական ընտանիքին հատկացված գումարի չափը կազմել է 14.9 միլիոն եվրո կամ շուրջ 16.4 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս գումարը տրամադրվում է թագավորի գործառույթների իրականացման համար և, ըստ օրենքի, չի ենթարկվում ծախսերի մանրամասն վերահսկման։
Դանիայի թագավորական տան պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին թագավորական ընտանիքի գործունեության համար պետական բյուջեից հատկացվել է 127.2 միլիոն դանիական կրոն, ինչը համարժեք է մոտ 19 միլիոն ԱՄՆ դոլարի։ Այս գումարը ներառում է թագավորական տան գործունեության, աշխատակազմի և վարչական ծախսերը։
Թագավորական ծախսերի համագումարը
Այս ծախսերը միասին կազմում են մոտ 53 մլն ԱՄՆ դոլար, ինչը իրոք չի գերազանցում Վարչապետի աշխատակազմի կողմից ծախսված գումարին, սակայն պետք է նշել, որ թագավորական ընտանիքները չեն հանդիսանում վերը նշված պետությունների քաղաքական ղեկավար մարմինները, ինչպես Հայաստանում վարչապետի աշխատակազմն է։ Հետևաբար համարժեք չէ համեմատել Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը միապետությունների թագավորական ընտանիքների ծախսերի հետ, քանի որ դրանք տարբեր համակարգերի ծախսեր են։ Վարչապետի աշխատակազմը պետական կառավարման մարմին է՝ հստակ գործառույթներով և պատասխանատվությամբ, մինչդեռ թագավորական ընտանիքների ծախսերը հաճախ վերաբերում են արարողակարգին, ավանդույթներին և ներկայացուցչական դերերին, ոչ թե պետական կառավարմանը։
Այսպիսով՝ Կարապետյանի՝ վարչապետի աշխատակազմի ծախսերի «քառապատկման» մասին պնդումը սխալ է և չի համապատասխանում իրականությանը, իսկ Վարչապետի աշխատակազմի ծախսերի համեմատությունը եվրոպական մի քանի միապետությունների թագավորական ընտանիքների հետ համարժեք չէ և խիստ մանիպուլյատիվ է։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...