Լեռնակերտի պեղումներում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել Լեռնակերտի N 1 դամբանադաշտում:
ԳԱԱ-ից հայտնում են, որ բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին (Ք.ա. XVI դ. II կես-XV դ. I կես) վերագրվող թաղումներ, որոնցում միաժամանակ հանդիպել են և՛ միջինբրոնզեդարյան կարմիրբերդյան, և՛ ուշբրոնզեդարյան առարկաներ։ Անցումային փուլի (միջին բրոնզից ուշ բրոնզ) այս դամբաններն ունեն 5-15 մետր տրամագծով հենապատ-կրոմլեխ։ Խցերը հիմնահողային են՝ ուղղված հյուսիս-հարավ։ Ուշ բրոնզի տարբեր փուլերին վերագրվող թաղումներում աճյունը դրված է եղել դիադրման և վերաթաղման եղանակներով։ Այս դամբաններում ուղեկցող գույքը խեցանոթներն են, հազվադեպ՝ ուլունքներ։ Երկաթի դարի վաղ շրջափուլին վերաբերող դամբաններն ունեն հենապատ-կրոմլեխներ (8-20 մ տր.), մանր քարերից կազմված ոչ բարձր թմբեր և արևելք-արևմուտք ուղղված սալարկղային խցեր։ Երկաթեդարյան իջեցուկ դամբաններում փաստագրվել են խմբային եղանակով արված թաղումներ։ Բացահայտվել է, որ այս դամբանախմբում խեղված չորս դամբաններն արևելյան հատվածում ունեն կցակառույցներ՝ նախատեսված թաղումն ուղեկցող գույքի համար։
Երկաթեդարյան ամրոց Վարի Բերդի բլրի արևելյան լանջին օդալուսանկարահանման միջոցով հավաստվել է «անվաձև» կառույց, որը բաղկացած է կից շրջանաձև այլ կառույցներից։ «Անվաձև» կառույցներ Հայաստանում հայտնի են Արագածի նախալեռներում, որտեղ դրանք հանդիպում են «անապատի օդապարուկներ» կոչված հուշարձանների համատեքստում։ «Անվաձև» կառույցի մնացորդներ փաստագրվել է նաև Արագած լեռան ամենաբարձրադիր հնավայրում՝ Կարմիր Սարում, որտեղ պեղումներով բացահայտվել են վիշապ քարակոթողների կուտակում՝ իրենց նախնական միջավայրում։ Լեռնակերտի օրինակն առանձնահատուկ է նրանով, որ այն առաջին անգամ փաստագրվում է ամրոցի համատեքստում։ Սակայն վերջինիս գործառույթը դեռ պարզ չէ։
Պեղումներով գտնվել են մեծ թվով խեցեղեն և քարե առարկաներ՝ անոթներ, աղորիքներ, անվակներ և այլն, կենդանական ոսկորներ՝ հիմնականում ընտանի՝ մանր և խոշոր եղջերավոր անասուններ։
Լեռնակերտի պեղումները կարևորվում են ուշբրոնզեդարյան հասարակության ուսումնասիրության առումով։ Մասնավորապես, լայն արձագանք է գտել Լեռնակերտի հնագույն ԴՆԹ-ի հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ համաժամանակյա, սակայն տարբեր դամբանախմբերում արված թաղումներում բացված կմախքները ազգակցական կապեր չեն ունեցել։ Դա վկայում է, որ համայնքներում ապրել են տարբեր գերդաստաններ։
Լեռնակերտի ուշբրոնզեդարյան լանդշաֆտի ձևափոխությունների դինամիկայի հետազոտությունը հնարավորություն է տալիս մեկ համալիրում երկու ամրոցների տվյալներով հետևել պաշտպանական համակարգի ձևավորման, կառուցման գործընթացներին։ Շնորհիվ Լեռնակերտի դամբանադաշտի տվյալների՝ Արթիկի, Հառիճի, Հոռոմի, Մաստարայի, Թալինի և Լճաշենի տվյալների հետ բաղդատման, ուրվագծելի են դառնում ուշ բրոնզի դարում բարդ հասարակությունների ձևավորման գործընթացները։ Ամրոցներում, դամբանադաշտերում նշմարվում են ինչպես առանձնաշնորհյալների, այնպես էլ զինվորների, կրոնական սպասավորների և առևտրականների խմբերը։
Պեղումների արդյունքների վերաբերյալ հոդվածներ են տպագրվել հայաստանյան և արտասահմանյան պարբերականներում, զեկուցվել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտաժողովներում։
Լեռնակերտի հնագիտական արշավախումբը գործել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Գիտության պետական կոմիտեի և Հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համաֆինանսավորումներով՝ «Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջերի բրոնզեդարյան լանդշաֆտի ձևափոխման միտումները» թեմայի շրջանակներում։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան