Բելառուսում վիրավոր ակտիվիստների բուժման համար գրեթե 1 միլիոն դոլար է հավաքվել
Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիաների և բախումների ժամանակ տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար կազմակերպված դրամահավաքի ընթացքում հավաքվել է գրեթե 1 միլիոն դոլար: Այս մասին տեղեկացնում է dw.com կայքը:
«Մեկ միլիոն վիրավորների, ձերբակալվածների և հալածվածների համար: Վաղը մենք արձանագրություն կհրապարակենք, թե ինչպես պետք է տուժածները դիմեն օգնության համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ակցիայի կազմակերպիչներից Ալեքսեյ Լեոնչիկը:
Դրամական միջոցների հավաքագրումը սկսվել էր դեռևս շաբաթներ առաջ` BY Help նախաձեռնության կողմից: Այն ժամանակ ենթադրվում էր, որ հավաքված գումարը տրամադրվելու է բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների տուգանքների մարմանը:
Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Այս գիշեր ևս Մինսկում ցուցարարների և ՕՄՕՆ-ականների միջև բախումներ են տեղի ունեցել, ուժայինները ռետինե փամփուշտներ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, հնչել են կրակոցներ և պայթյուններ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը: