Դպրոցական սպորտը ինտեգրելով միջազգային կառույցներին
«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը իր գործունեության տարիների ընթացքում ուրույն ավանդն է ներդրել մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության և հայրենական սպորտի զարգացման վեհ գործում: Իր բազմաբնույթ գործունեությամբ նպաստել է յուրաքանչյուր մատաղ հոգու խորքում թաքնված ֆիզիկական ունակությունների բացահայտմանն ու զարգացմանը: Քանի-քանի շնորհալի մանուկներ են ոտք դրել կրթօջախ և հենց այստեղից ճանապարհ ընկել դեպի մեծ սպորտ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ելնելով անհրաժեշտությունից, ինչպես նաև նպատակ ունենալով դպրոցական սպորտը ինտեգրելու միջազգային կառույցներին, կազմակերպությունը հիմնեց Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան: Վերջինս տարիների ընթացքում դարձավ Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի լիիրավ անդամ և հայ դպրոցականներին միջազգային մրցաշարերին մասնակցելու ուղեգիր տվեց: Իսկ թե ինչպես են հայ դպրոցականները մասնակցում այդ մրցաշարերում, ինչ ձեռքբերումներ ունենք ընդհանրապես դպրոցական սպորտում, և վերջապես ինչպես է կազմակերպվելու Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնությունը Հայաստանում, կներկայացնի «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ և Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը:
Դպրոցական սպորտը տարեցտարի զարգանում է հանրապետական մարզական խաղերի շնորհիվ
«Աշխատանքային ռեզերվները»՝ ստեղծվել է 1943 թ.: Կազմակերպությունը հազարավոր մարզիկների ուղեկցել է դեպի պրոֆեսիոնալ սպորտ: Երևանում, Գյումրիում և Վանաձորում գտնվող նրա մարզադպրոցներում պարապում են բռնցքամարտով, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտով, սեղանի թենիսով, հանդբոլով, ֆուտբոլով, ուժային եռամարտով: Բարձրակարգ մարզիկներ համալրում են նշված մարզաձևերի ազգային հավաքականների թիմերը, Հայաստան են բերում բազում հաղթանակներ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից, իսկ նրանցից 1-ը՝ Վլադիմիր Ենգիբարյանը, դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն:
Մանկապատանեկան սպորտի ակունքներում ընդգրկված կազմակերպությունը չէր կարող բավարարվել միայն մարզադպրոցների աշխատանքների համակարգմամբ և 1991 թ.-ից սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հրահանգվեց զբաղվել նաև դպրոցականների հանրապետական մարզախաղերի կազմակերպմամբ: Հենց «Աշխատանքային ռեզերվների» ջանքերով առաջին անգամ 1992 թվականին կազմակերպվեցին ՀՀ անկախությանը նվիրված դպրոցականների հանրապետական մարզական խաղերը, որոնք ավանդաբար անցկացվում են ամեն տարի: Դրանից հետո որպես նմանատիպ մրցաշարեր անցկացնելու փորձ ունեցող կազմակերպություն` 2001 թվականից կազմակերպեց նաև ԱԺ գավաթի խաղարկության հանրապետական մրցումները: ՄՀԿ նախագահ Արա Մեհրաբյանը ուրախությամբ է շեշտում, որ ամենամյա մրցումների շնորհիվ տարիների ընթացքում միջոցառումների մասնակցության որակը բարձրացել է: Նախկինում երեխաները մրցումներին մասնակցում էին այն մարզահագուստով, ինչ ունեին: Այսօր մրցաշարերին դպրոցական թիմերը մասնակցում են գեղեցիկ, միագույն համազգեստներով, համարակալված: Եվ արդեն պահանջ ենք դնում, որ ունենան երկրորդ համազգեստը: Մասնակից թիմերի խաղային որակն է բավական բարձրացել: Դա արդյունք է այն բանի, որ հաղթող թիմերը Աշխարհի ու Եվրոպայի մրցաշարերին մասնակցելու հնարավորություն են ստանում, և դա օգնում է, որ մարզիկները ավելի մեծ ոգևորությամբ մասնակցեն խաղերին, ձգտեն հաղթանակի: Մրցապայքարը վերջին մի քանի տարիներին բավական հետաքրքրացել է, տեսնում ենք նոր դեմքեր, նոր թիմեր, շարժ, ավելի թեժ պայքար»: Սա հետևանք է այն փաստի, որ մարզական խաղերի ծրագիրը մտել է դպրոցներ, և պատանեկան սպորտը զարգանում է տարածաշրջանների համայնքների դպրոցներում: Կան դպրոցներ, որոնք ձևավորել են իրենց թիմերը այս կամ այն մարզաձևից և պարբերաբար հաջողություններ են գրանցում հանրապետական մարզախաղերում: Ա. Մեհրաբյանը հիշում է Կոտայքի Արամուսի և Գեղաշենի դպրոցական թիմերը, Սյունիքի մարզից՝ Սիսիանի վոլեյբոլի թիմը, Գեղարքունիքից՝ հանդբոլի թիմը, Արագածոտնից՝ Ապարանի ֆուտբոլի թիմը, որը 2019 թ. դուրս եկավ եզրափակիչ և գրավեց 3-րդ տեղը: Ինչ վերաբերում է ԱԺ գավաթի խաղարկությանը, այստեղ մասնակցում են դպրոցական թիմեր ՀՀ բոլոր մարզերից և Արցախի Հանրապետությունից՝ մոտ 100 000 աշակերտներ: «Մրցանակների լիությունը դպրոցականներին ոգևորելու համար է արվում: ԱԺ գավաթի խաղարկման մրցումների բոլոր մասնակիցները, անկախ արդյունքներից, պարգևատրվում են նվերներով ու հավաստագրերով»,- ասում է Ա. Մեհրաբյանը:
2013 թ.՝ հիշարժան տարի հայ դպրոցական սպորտի պատմության մեջ
2013 թ. հիշարժան տարեթիվ է հայկական դպրոցական սպորտի պատմության մեջ: Այդ տարի առաջին անգամ հայ դպրոցական մարզիկները դուրս եկան միջազգային մրցասպարեզ: Դպրոցականների հանրապետական մրցումներում գրանցած ձեռքբերումները «Աշխատանքային ռեզերվներին» պարտավորեցրին քայլ առաջ անել դեպի միջազգային մրցաշարեր, հնարավորություն ստեղծել, որ հայ դպրոցականները կարողանան իրենց ուժերը փորձել օտարերկրացի, իրենց նման սպորտը սիրող դպրոցական մարզիկների հետ: Եվ ՄՀԿ 2006 թ. ստեղծեց Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան, որը 2011 թ. դարձավ Դպրոցականների միջազգային Ֆեդերացիայի լիիրավ անդամ (ISF): Միջազգային ֆեդերացիան միավորում է ավելի քան 110 երկրների դպրոցականների հանրապետական ֆեդերացիաներ՝ ֆիզիկական, մտավոր, բարոյական և սոցիալ-մշակութային զարգացման նպատակով: Հայ դպրոցականները հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ միջազգային մրցասպարեզ դուրս եկան 2013 թ. հունիսին, մասնակցեցին Չեխիայի Կառլովի-Վարի քաղաքում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությանը` նվաճելով 1 բրոնզե մեդալ և նոյեմբերին՝ Դպրոցականների համաշխարհային գիմնազիադային, որտեղ նվաճեցին 1 ոսկե, 3 բրոնզե մեդալներ: Գիմնազիադան հայ դպրոցականների փայլուն մեկնարկը դարձավ միջազգային մրցասպարեզում: Դրան հետևեցին ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական փառատոնը, Աշխարհի դպրոցականների առաջնությունները տարբեր մարզաձևերից՝ աթլետիկա, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ, հանդբոլ, բասկետբոլ: Այս միջազգային մրցախաղերին հայ դպրոցականները տարեցտարի ավելի լավ են մասնակցում, որոշ մարզաձևերում արդեն կայուն հաղթական դիրքեր նվաճում: 2018 թ. ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական փառատոնին հայ մարզիկները ընդհանուր թիմային հաշվարկով գրավեցին 1-ին տեղը: Հոկտեմբեր ամսին Կազանում կայանալու է ԱՊՀ երկրների դպրոցականների 7-րդ փառատոնը: Ծրագրում ընդգրկված էին 8 մարզաձևեր: Մասնակցել ենք 3 մարզաձևերում՝ բադմինթոն, սեղանի թենիս, շախմատ: «Ես գտնում եմ, որ հանրապետության առաջնություններին հաղթող բոլոր թիմերին նման խոշոր մրցաշարերին պարբերական մասնակցությունը պարտադիր է, և միայն այդ դեպքում կբարելավվի թիմերի տեխնիկատակտիկական վարպետությունը, կայուն մարզավիճակը և սպորտային արդյունքները: Բայց ինչ արած, ֆինանսները սուղ են, ու ստիպված շեշտը դրվում է արդյունք ցույց տվող մարզաձևերի վրա»: Շախմատ, սեղանի թենիս, բադմինթոն մարզաձևերում մեր հայ դպրոցական մարզիկները այս փառատոնից առանց մրցանակներ չեն վերադառնում:
Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնությունը՝Հայաստանում
Շախմատի փառավոր պատմություն, շախմատի ուսուցում հանրակրթական դպրոցում՝որպես աշխարհում միակ, առաջին ու հաջողված փորձ, հայ շախմատիստ դպրոցականների պարբերական հաղթանակներ միջազգային մրցասպարեզում. փաստեր, որոնք Հայաստանի վրա են սևեռում համաշխարհային շախմատասեր հանրության ուշադրությունը: Երբ 2018թ. Սոչիում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի համաժողովի ժամանակ հայկական կողմը՝ Արա Մեհրաբյանի գլխավորությամբ, հանդես եկավ Ֆեդերացիայի պատմության մեջ առաջին անգամ շախմատի առաջնություն կազմակերպելու, և այդ առաջնությունը Հայաստանում անցկացնելու առաջարկությամբ, դրական պատասխանը չուշացավ: Որոշվեց՝ Դպրոցականների միջազգային ֆեդերացիայի շախմատի առաջին մրցաշարը անցկացնել Ծաղկաձորում`սեպտեմբերի 18-25-ը:
Մենք հավաստիացրինք, որ Հայաստանը շախմատի մրցաշարի անցկացման լավագույն վայրն է: Ունենալով շախմատային փառահեղ պատմություն, շախմատի աշխարհի, օլիմպիական չեմպիոններ, դպրոցներում ուսուցանվող «Շախմատ» առարկա, և իհարկե ունենք մրցավարական լուրջ պոտենցիալ, միջազգային կարգի մրցավարներ, որոնք կարող են սպասարկել նման բարձր մակարդակի առաջնությունը, նաև ունենք համապատասխան մարզաբազաներ՝ բոլոր պարագաներով: Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի ստեղծվեց կազմկոմիտե, որը կոորդինացնում էր Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության աշխատանքները: Կազմկոմիտեի նախագահն է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը: Քայլ առ քայլ կայացած այս միջոցառումը հավանություն ստացավ բոլոր պատվիրակությունների կողմից: Ինչպես նաև ուղերձով մասնակիցներին ողջունեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) նախագահ Լորան Պետրիկան:
Հայաստանի դպրոցների մոտ 50 տոկոսը չունեն ֆիզկուլտուրա առարկայի անցկացման անհրաժեշտ պայմաններ
Ֆիզկուլտուրան միշտ էլ եղել է երեխաների սիրած առարկաներից մեկը դպրոցում: Այն սիրված է, քանզի առարկայի հիմնական գործառույթը շարժումն է, հետո խաղ, մրցության խանդավառություն, հաղթանակի ուրախություն և պարտության հուզմունք, որը երեխաներին միավորում է, նախապատրաստում թիմային աշխատանքին, և այս առարկայի հեռահար նպատակն է երեխաների մեջ սերմանել սեր սպորտի հանդեպ, ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ: Բայց դպրոցներում պետք է լինեն համապատասխան պայմաններ, որոնք բացակայում են Հայաստանի դպրոցների մեծ մասում: Հանրապետությունում ունենք շուրջ 1300 դպրոց, որոնցից մոտ 600-ը ունեն նորմալ պայմաններ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ դպրոցների մոտ 50%-ը պարզապես չունեն ֆիզկուլտուրայի անցկացման համար անհրաժեշտ պայմաններ: Եթե դպրոցն ունի 1000-ից ավելի երեխա, պարտավոր է ունենալ 2 տիպային դահլիճ և բաց խաղահրապարակներ: Եթե մի դահլիճում միաժամանակ երկու դասարան է պարապում, ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից լիարժեք աշխատանք իրականացնելը անհնար է: Մյուս կողմից անհրաժեշտ է ունենալ կահավորված մարզադահլիճներ, հանդերձարաններ: Մարզադահլիճները համապատասխան գույքով հագեցած չեն, հանդերձարանները չունեն ցնցուղներ, լվացարաններ, ծնողները իրենց երեխաներին չեն նախապատրաստում ֆիզկուլտուրայի դասերին կոկիկ համազգեստով մասնակցելու համար: Երեխան պայուսակում պարտադիր պետք է ունենա, օրինակ, թաց անձեռոցիկներ: Արա Մեհրաբյանը նշում է նաև, որ չկա դասավանդողների պակասի խնդիր: Կան համապատասխան մասնագետներ, դպրոցում աշխատող նվիրյալներ, որոնց շնորհիվ դպրոցականները թիմեր են ձևավորում, մասնակցում հանրապետությունում անցկացվող մրցումներին: Մարզաբազաների ավելացման ու վերազինման դեպքում այդ թիմերի թիվը կավելանա: Պետք է կարողանալ մանկապատանեկան մարզական ակումբներ ստեղծել, մանկապատանեկան մարզադպրոցները վերակազմավորել մանկապատանեկան ակումբների: Այս նոր կառույցները որոշակի հավելյալ վճարներ պետք է ստանան ծնողների, հովանավորների և համայնքների կողմից: Հաճախ գլուխ են գովում, թե անվճար է, բայց այդ դեպքում մակարդակ դժվար է ապահովել, իսկ վճարովին մի քայլ առաջ է, քանզի գիտես թե ումից ինչ ես պահանջում: Յուրաքանչյուր աշակերտի` դպրոցի մարզական ակումբին տարեկան 500 դրամ անդամավճար մուծելու դեպքում, կարելի է շատ հարցեր լուծել՝ ըստ առաջնահերթությունների, ըստ յուրաքանչյուր դպրոցի մարզադահլիճի կարիքների: Կստեղծվի խորհուրդ, որը կհսկի այդ գործընթացը: Մեծ է ակնկալիքը, որ դպրոցներում մանկապատանեկան ակումբներ ստեղծելու դեպքում կբարելավվի նաև ֆիզկուլտուրա առարկայի դերը: Մեր կրթական համակարգը պիտի երեխային հնարավորություն տա սպորտով զբաղվելու: Երեխան պետք է հասկանա սպորտային աշխարհը ու ապրի այսօրվա աշխարհում:
Ա. Մեհրաբյանի կարծիքով՝ նախարարությունների միավորումը նպաստավոր կլինի մանկապատանեկան սպորտի զարգացման համար: «Աշխատանքային ռեզերվները» հավասարապես աշխատել է թե՛ Կրթության և գիտության, թե՛ Սպորտի և երիտասարդության նախարարությունների հետ: Այժմ արդեն ոլորտը հայտնվում է մեկ գերատեսչության հովանու ներքո, և դա հեշտացնում է իրենց աշխատանքը: Ոլորտի զարգացմանը նպաստող քայլերը պետք է շարունակական ու հետևողական բնույթ կրեն, ներդրումներ կատարվեն դպրոցներում ֆիզկուլտուրայի դասավանդման մակարդակի բարձրացման, դպրոցական մարզաբազաների ստեղծման և վերազինման մեջ: Որքան զարգացած լինի մանկապատանեկան սպորտը, որքան շատ դպրոցականներ սպորտը դարձնեն իրենց առօրյայի անբաժան մասը, այնքան ապահովված կլինի մատաղ սերնդի առողջ, համակողմանի ու ներդաշնակ զարգացումը: