Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան փոխչեմպիոն
Լաս Վեգասում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալակիր դարձավ 76 կգ քաշային կարգում, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երկամարտում հայ մարզուհին գրանցեց 208 կգ (92+116) արդյունք։ Չեմպիոնի կոչումը նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը, որի երկամարտի արդյունքն էր 225 կգ (96+129)։
Երրորդ տեղը գրավեց էկվադորցի Բելա Պարեդեսը՝ 200 կգ (90+110)։
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Լաս Վեգաս էր մեկնել 3 ծանրորդով։ Մարտի 12-ին 89 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գևորգ Ղահրամանյանը գրավել էր երրորդ տեղը:
Ծանրորդներն ԱՄՆ են մեկնել մարզիչներ Գևորգ Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ: