Բենզեմա. Հուսով եմ` Սոլարին մինչև մրցաշրջանի ավարտը կմնա «Ռեալում»
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է իր թիմի հաղթանակն Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի` «Վալյադոլիդի» հետ խաղում (4:1), ինչպես նաև կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի մասին.
«Մեզ մոտ բարդ շրջան է, բայց այդպիսին է ֆուտբոլը: Մենք պետք է աշխատենք ու փորձենք հաղթել Պրիմերայի մնացած 11 խաղերում: Ցանկանում ենք հաճույք ստանալ մեր խաղից, հաղթանակներ տանել, որպեսզի մեզ հնարավորինս շատ մարդ հետևի: Ես նկատի ունեմ ոչ միայն երկրպագուներին, այլև` լրագրողներին: Երբ ես ասում եմ մարդիկ, նկատի ունեմ բոլորին:
Չեմ ասում, որ ԶԼՄ-ները պետք է մեր հետ լինեն, բայց պետք չէ մոռանալ, որ մենք շատ տիտղոսներ ենք նվաճել, և դա կարևոր է: Ես սա ասում եմ միայն այն պատճառով, որ մենք շատ բան ենք հաղթել վերջին տարիներին: Չէ՞ որ, երբ մենք պարտվեցինք «Այաքսին», այնպիսի տպավորութուն էր, թե մենք ոչնչի չենք հասել:
Մենք շատ կուռ թիմ ունենք: Հուսով եմ` Սոլարին կմնա «Ռեալում» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Եթե մենք չաջակցեինք մարզչին, չէինք խաղա այնպես, ինչպես` «Վալյադոլիդի» հետ: Ինչո՞ւ հիմա փոխել մարզչին: Մրցաշրջանի ավարտին 11 խաղ է մնացել, ու մենք հույս ունենք, որ նա կմնա մեզ հետ»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում Marca-ն: