Փոխված մարտավարություն եկեղեցու հարցում․ վարչապետին զեկույց է ներկայացվել
Առաջիկայում նոր իրադարձություններ են սպասվում Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման գաղափարի շուրջ։ Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ զեկույց է ներկայացրել եկեղեցու շուրջ ճգնաժամի և դրա լուծման ուղիների վերաբերյալ։ ԱԺ–ում քննիչ հանձնաժողով կձևավորվի, ինչից հետո էլ կնախաձեռնվեն օրենսդրական փոփոխություններ։
Խորհրդարանական երկու խմբակցություն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Տևական ժամանակ է, ինչ «Հայ եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը մասնակցող 10 բարձրաստիճան հոգևորականները ակտիվ հանրային գործունեություն չեն ծավալում և, ըստ էության, չեն շարունակում այս տարվա հունվարից սկսած ծրագիրը։ Պարզ բացատրությունն այն է, որ կառավարությունը եկեղեցու հարցում նոր մոտեցում է մշակել։ Արդեն պատրաստ է և վարչապետի սեղանին է եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների վերաբերյալ զեկույցը։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ փաստաթուղթը մշակել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Մի քանի շաբաթ առաջ վարչապետը խորհրդարանում ակնարկեց նաև հետագա քայլերի հաջորդականությունը․ «Առաջարկելու եմ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել և ընդունել օրենսդրական փոփոխություններ»։
Խորհրդարանական երեք խմբակցություններից երկուսը մերժում են նոր քննիչ հանձնաժողովի մաս դառնալու գաղափարը, թեև ընդդիմադիրները դեռ չեն քննարկել հանձնաժողովի ստեղծման առաջարկը։ Վարչապետին մինչդեռ զեկույցը այլ պնդումներ անելու հիմք է տվել։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դեռ միայն իր սեղանին դրված զեկույցում եկեղեցու գործունեությանն առնչվող տարբեր դրվագներ կան, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցության գոտու հետ կապված․ «Այդ թեմային զեկույցում կա անդրադարձ, մանրամասներ, որոնք կարծում եմ, որ ճիշտ կլինի ամբողջության մեջ դիտարկվի։ Զեկույցը կհրապարակվի, կտեսնեք։ Առնվազն, այդ թվում ընտրական օրենսդրության խախտում է տեղի ունեցել, որովհետև ՀՀ օրենսդրությամբ, կրոնական կազմակերպությունները քաղաքական քարոզչությամբ զբաղվելու իրավունք չունեն, և դա պետք է բերի հետևանքների։ Այո, կա նաև այդպիսի խնդիր»։
Զեկույցի հիման վրա վարչապետը պնդում է, որ եկեղեցում իրավիճակը, իր բնորոշմամբ, «սարսափելի» է։ Որպես հնարավոր տարբերակ նա համարում է, որ խնդիրը պետք է լուծվի նաև օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով։ Փաշինյանը կարծում է, որ եկեղեցու ղեկավարության փոփոխության հարցում պետությունը կարող է օրենքով սահմանել նաև, թե ովքեր չեն կարող զբաղեցնել որոշակի պաշտոններ։ Նա համոզված է, որ կառավարությունը ունի օրենսդրական գործունեության հնարավորություն, և կարող է արձանագրել իր քաղաքական կամքը։ Վարչապետը չի բացառում, որ օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ հավատացյալ համայնքը եկեղեցու կառավարմանը մասնակցելու իրական հնարավորություններ ունենա։ Այս հարցերը արդեն նախնական քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։
ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ նստել և քննարկել Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգը․ «Եթե ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ և իր հետ կքննարկեմ այն ամենայն հարգանքով։ Ես չեմ ասել երբեք, որ կան «մերոնքականներ» և կան «ոչ մերոնքականներ», որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահի, մյուս մասը՝ չպահի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Աշխատանքային մակարդակով ասել եմ, որ ես, այո՛, կարծում եմ, որ նաև պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար։ Խոսքը, այո՛, մեր ազգային արժեքների պահպանության մասին է»։
Այս ամենի մասին ինքը կաթողիկոսը լռում է։ Նախօրեին՝ Անկախության օրվան առնչվող խորհրդից դուրս նա լրագրողների հարցերին չպատասխանեց և խոսեց միայն հանրային համերաշխության մասին։
Զուգահեռաբար շարունակվում է նաև Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը։
armradio.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)