Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ շինարարական թույլտվության ժամկետի խախտման հոդվածքով 2025 թվականի փետրվարի 5-ին վարչական պատասխանատվության է ենթարկվել «Սոխոսենթր» ՍՊԸ-ն: Ըստ վարչական ակտի հիմնավորման՝ Կողբացի փողոց հ․36/3 հասցեում կառուցապատող «Սոխոսենթր» ՍՊԸ տնօրեն Հարություն Խաչատրյանին բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար Երևան համայնքի կողմից 01․11․2023թ․ տրված հ․01/18-Դ-127350-2204 շինարարական թույլտվությամբ սահմանված է 3 ամիս ժամկետ, սակայն 10․12․2024թ․ կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ շինարարական աշխատանքն այս հասցեում փաստացի ավարտվել են, իսկ օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ: Հիշյալ խախտման համար քաղաքապետարանը «Սոխոսենթր» ՍՊԸ-ին տուգանել է 39,6 մլն դրամով:
Նշենք, որ հիշյալ ընկերության հետ կապված դեռևս 2023 թվականին քրեական վարույթ էր հարուցվել: Գործով անցնում էին մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ՌԴ-ում և Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, նրա որդին՝ դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև գործարար Արման Պետրոսյանը։
Դեռևս նախորդ տարվա ապրիլին Երևան քաղաքի դատախազության և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությամբ՝ որոշվել էր Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։
Հաջորդ կառուցապատողը, որին քաղաքապետարանը պատժել է խոշոր տուգանքով, «Օլդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ն է, որն Արաբկիր վարչական շրջանում իրականացնում է մայրաքաղաքի խոշորագույն քաղաքաշինական ծրագրերից մեկը՝ «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի շինարարությունը:
Ըստ քաղաքապետարանի կայացրած վարչական ակտի՝ Գրիբայեդովի փողոց հ․48, հ․48/4 և Տիգրանյան փողոց հ․19/2 հասցեներում կառուցապատող «Օլդ դեվելոփմենթ» ՍՊԸ տնօրեն Լևոն Օրդուխանյանին բնակելի թաղամասի /1-ին փուլի՝ 1-ից 11-րդ մասնաշենքերի կառուցման համար Երևան համայնքի կողմից 29․12․2020թ․ տրված հ․01/18-122380-1824 շինարարական թույլտվությամբ սահմանված է 36 ամիս ժամկետ, սակայն օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ նույնիսկ մեկուկես տարի անց: Նշված խախտման համար 2025թ. մարտի 10-ին ընկերությունը տուգանվել է խոշոր՝ 825 մլն դրամով:
Նշենք, որ Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվող «Կոմիտաս Պարկ» բազմաբնակարան շենքային համալիրը հանրային ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվում է պետական համակարգմամբ՝ բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:
Այսպիսով կարելի է արձանագրել, որ Կառավարությունն ՝ ի դեմս Քաղաքաշինության կոմիտեի, ձախողել է պետական ծրագրի իրականացումը և կառուցապատողին տուգանելով՝ սնանկությանռիսկեր է ստեղծում մասնավոր կազմակերպության համար, այնդեպքում, երբ պետությունը իր մասնակցությունն ու պատասխանատվությունն ունի:
Շինթույլտվության ժամկետների խախտման երրորդ դեպքն արձանագրվել է այս տարվա ապրիլի 11-ին:
Ըստ քաղաքապետարանի տեղեկանքի՝ Ամիրյան փողոց հ․4/4 շենք հ․հ․25, 26, 27, 28, 29 բնակարան հասցեներում կառուցապատող «Գասպինվետ» ՓԲԸ տնօրեն Ապրես Գասպարյանին բազմաֆունկցիոնալ շենքի հարկերի ավելացման կառուցման համար Երևան համայնքի կողմից 14․11․2023թ․ տրված հ․01/18-Դ-132606-2355 շինարարական թույլտվությամբ սահմանված է 3 ամիս ժամկետ, սակայն օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ 24․03․2025թ․-ի դրությամբ: Նշված խախտման համար ընկերությունը տուգանվել է 13,7 մլն դրամով:
Նկատնեք, որ 2023 և 2024 թվականների ընթացքում շինարարական թույլտվության ժամկետի խախտման հիմքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել։
Համաձայն գործող իրավակարգավորումների՝ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում (բացառությամբ գյուղական համայնքներում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) կառուցապատումը չավարտելու դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին գրավոր նախազգուշացնում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին: Կառուցապատողը նախազգուշացումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր է դիմել իրավասու մարմին` շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին հայտով:
Կառուցապատողի կողմից նախազգուշացումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին հայտով իրավասու մարմնին չդիմելու, ինչպես նաև շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում կառուցապատումը չավարտելու և սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը չօտարելու դեպքում շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով։
Իրավասու մարմնի կողմից շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով: Կառուցապատողը պարտավոր է շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում ավարտել կառուցապատումը կամ օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը:
Իսկ արդեն ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին` շահագործման ակտի ձևակերպման համար:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը