«Բավարիան» Հարի Քեյնի տրանսֆերի համար առաջարկել է 70 միլիոն եվրո
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 29-ամյա անգլիացի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի համար Լոնդոնի «Տոտենհեմին» առաջարկել է 70 միլիոն եվրո, հաղորդում է The Athletic-ը։
Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմում դժգոհ են սենեգալցի հարձակվող Սադիո Մանեից եւ ցանկանում են ձեռք բերել կենտրոնական հարձակվողի. Հարի Քեյնը գլխավոր առաջնահերթությունն է։
Հարի Քեյնի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը եւ Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Անգլիայի ավարտված առաջնությունում Հարի Քեյնը մասնակցել է 38 հանդիպման, խփել 30 գոլ։ Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Քիչ հավանական է, որ Հարի Քեյնը կերկարաձգի պայմանագիրը։
Transfermarkt-ը Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։