ՊՆ-ն չգիտի ինչ անել և ինչպես, իսկ թշնամի երկրում մեծ զորավարժություն է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը՝ Արեւմտյան Հայաստանի, իսկ այսօր Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում համատեղ զորավարժություն են անցկացնում, սակայն Հայաստանի իշխանություններին, առավել եւս՝ պաշտպանական գերատեսչությանը այդ փաստը, կարծես թե, այնքան էլ չի հուզում:
Ավելին, անգամ հակաքայլեր այդ ուղղությամբ չեն իրականացվում՝ բավարարվելով մեկ-երկու հայտարարություն տարածելով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 29-ին այսպիսի բովանդակությամբ հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին. «Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաեւ ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։ Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը պատրաստվում է արդյոք զորավարժություն իրականացնել, եւ, առհասարակ, ինչ ծրագրեր կան այս մասով»:
Եվ, ահա, այս հարցումից օրեր անց՝ երեկ, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարությունից այսպիսի ուշագրավ պատասխան է ստանում. «Հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:
Նկատենք՝ այս դեպքում խոսքը 30-օրյա ժամկետի մասին է, որը լրանում է մարտի 1-ին, այսինքն՝ զորավարժությունների ավարտից 16 օր անց նոր պատասխան կունենանք թուրք-ադրբեջանական զորավարժությունների եւ մի պարզ հարցի՝ Հայաստանը պատրաստվում է արդյոք զորավարժություն իրականացնել, թե ոչ:
Նշենք, որ խոսքը մեծամասշտաբ զորավարժությունների մասին է, որին մասնակցում են նաեւ Ադրբեջանի զինված ուժերը, եւ ներգրավված են տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ օգոստոսին Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ անցկացրին Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջեւանում, դրան հաջորդեց արցախյան 44-օրյա դաժան կանոններով պատերազմը, եւ գոնե այս փաստը պետք է սթափեցնող հանգամանք հանդիսանա ՀՀ գործող իշխանությունների եւ պաշտպանական գերատեսչության համար:
Սակայն, կարծես թե, դա այդպես չէ, եւ ՊՆ-ն, անհասկանալի է, ինչ է մտածում նոր ծրագրերի, բանակը վերազինելու վերաբերյալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...