Էնթոնի Ֆաուչն հերքել է այն տեսությունը, որ նոր կորոնավիրուսը ստեղծվել է չինական լաբորատորիայում
Սպիտակ տան` կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, դոկտոր Էնթոնի Ֆաուչին հերքել է այն տեսությունը, որ նոր կորոնավիրուսը ստեղծվել է չինական լաբորատորիայում, ինչը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություններին:
«Եթե դուք նայեք վիրուսի էվոլյուցիային չղջիկների մոտ եւ նրան, թե ինչ է այնտեղ այժմ տեղի ունենում, գիտական տվյալները հաստատում են, որ վիրուսը հնարավոր չէր արհեստականորեն կամ դիտավորյալ կերպով ստեղծել»,- ասել է Ֆաուչին National Geographic-ին տված բացառիկ հարցազրույցում:
«Այն ամենը, ինչ վերաբերում է փուլային էվոլյուցիային, համոզիչ կերպով վկայում է, որ [այս վիրուսը] էվոլյուցիայի է ենթարկվել բնության մեջ, այնուհետեւ դուրս է եկել այնտեղից»,- ասել է Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենը: Նա հավելել է, որ չի հավատում «այլընտրանքային տեսությանը, որ ինչ-որ մեկը գտել է կորոնավիրուսը վայրի բնության մեջ, բերել է այն լաբորատորիա, իսկ հետո այն պատահաբար դուրս է եկել այնտեղից»:
Ամերիկացի փորձագետի հայտարարությունները հակասում են Թրամփի` ապրիլի 30-ին արված մեկնաբանություններին առ այն, որ մահացու վիրուսն ի հայտ է եկել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում:
Կիրակի օրը Պոմպեոն ABC News-ին ասել էր, որ «հիմնավոր ապացույցներ» կան այն մասին, որ վիրուսը ծագել է Ուհանի լաբորատորիաներից մեկում, սակայն հայտարարությունը հաստատող մանրամասներ չէր ներկայացրել:
ԱՄՆ հետախուզական հանրությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ վիրուսը «չի ստեղծվել մարդկանց կողմից կամ գենետիկորեն ձեւափոխված չէ», սակայն հավելել էր, որ «կշարունակի ուսումնասիրել»` արդյոք բռնկումը սկսվել է «վարակված կենդանիների հետ շփման միջոցով, թե՞ Ուհանի լաբորատորիայում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանք է», հայտնում է BBC-ն:
Մինչդեռ, Ֆաուչին National Geographic-ին տված հարցազրույցում ասել է, որ ամենաշատը մտահոգված է նրանով, որ աշնանը եւ ձմռանն ԱՄՆ-ում կարող է հիվանդության երկրորդ ալիք սկսվել, եթե մոտ ապագայում վիրուսի տարածումը չկանգնեցվի: «Չեմ կարծում, որ այս վիրուսը պարզապես կվերանա,- հավելել է Ֆաուչին:- Այն շրջակայքում կլինի, եւ եթե առիթ լինի, այն կվերածնվի»:
Ընդ որում, նա նշել է, որ լավատեսորեն է վերաբերվում ռեկորդային կարճ ժամանակահատվածում պատվաստանյութ ստեղծելու հնարավորությանը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները