63 000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ վերադարձան Հայաստան․ Զոհրաբ Մնացականյան
Մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան այսօր մեր գործառույթներից մեկն է՝ չափազանց էական, չափազանց կարևոր. այն շատ մեծ պարտավորություն և պարտականություն է: Այս համավարակն ամբողջովին փոփոխեց մեր սովորական կյանքի տրամաբանությունը, և որևէ երկիր, որևէ տարածաշրջան դուրս չմնաց, այս վարակը որևէ մեկին չշրջանցեց: Այս մասին Հանրային ՀԸ հետ հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ինչպես և բոլորի, մեզ համար անհրաժեշտ էր շատ ճիշտ կառուցել և գտնել այն բանաձևերը, որով մենք կարողանայինք կառուցել մեր աշխատանքը՝ համապարփակեցնելու այն հիմնական գործառույթները, որ ձեռնարկվում են երկրում, և իրականացնելու մեր գործառույթներն արտաքին գործերի նախարարության մասով: Այստեղ ամենակարևոր խնդիրը եղել և մնում է կոտրել, չթողնել համավարակի տարածումը մեր երկրում, ապահովել անհրաժեշտ բոլոր պաշարները, բոլոր հնարավորությունները՝ դիմակայելու այս համավարակին: Կառավարության ամբողջ գործունեությունը կառուցված էր այդ տրամաբանության մեջ երեք ուղղություններով. ապահովել համավարակի չտարածման համար անհրաժեշտ միջավայրը, անհրաժեշտ միջոցները, և պարետատան աշխատանքն այդ առումով եղել և մնում է չափազանց էական: Նվազեցնել համավարակի ճնշումները մեր բնականոն կյանքի վրա, և այս առումով կառավարությունն ընդունեց անհրաժեշտ միջոցառումների փաթեթներ: Եվ ստեղծել միջավայր, որ բնականոն կյանքին վերադառնալուց հետո վերականգնենք նորմալ, բնականոն աշխատանքը տնտեսության և մեր կյանքի: Այդ առումով Արտգործնախարարությունն ունի իր աշխատանքի հատվածը՝ համադրելով իր աշխատանքը բոլոր մյուս գերատեսչությունների հետ և համակարգելով այն պարետատան միջոցով: Նույն այն հարցում, որ վերաբերում է մեր պաշարների ապահովմանը, մեզ անհրաժեշտ բոլոր դեղամիջոցների, սարքավորումների, պարագաների առումով շատ մեծ դերակատարություն ունեցան, և իսկապես գնահատում եմ իմ գործընկերների աշխատանքը տարբեր վայրերում, տարբեր երկրներում: Վերջին օրինակներից մեկը Չինաստանից եկած օդանավն էր, որ բերեց անհրաժեշտ պարագաներ, որ մենք գնել էինք Չինաստանում: Բերվեց նաև մեր չինացի գործընկերների նվիրատվությունը: Այդ ամենն անհրաժեշտ էր կազմակերպել, որպեսզի տեղափոխվի տարբեր վայրերից Չինաստանում մեր կողմից վարձակալված պահեստը, ապահովվեն բոլոր թղթային գործառույթները, ապահովվեն թույլտվությունները թռիչքի համար, և այդ ամենն իրականացվեց: Մենք այժմ նախապատրաստում ենք երկրորդ չվերթը։ Բոլոր մյուս դեսպանություններն իրենց մասով նույնպես ապահովում են այդ գործառույթը», ասել է Զոհրաբ Մնացականյանը։
Արտգործնախարարի խոսքով՝ միջազգային համագործակցությունը չափազանց էական է։
«Առավել ևս հիմա՝ այս տարօրինակ, դժվար ժամանակներում ի ցույց է դրվում միջազգային համագործակցության արժեքը, և մենք իրապես շատ գնահատում ենք այդ համագործակցությունը, որ մեզ մոտ ձևավորվել է բազմաթիվ երկրների հետ։ Մենք նաև ունենք անհրաժեշտ և կարևոր նպատակ՝ ապահովելու բեռնափոխադրումների առումով բնականոն աշխատանքը։ Մենք ունեինք իրավիճակներ, երբ եղանակային պայմանների հետևանքով որոշ կուտակումներ եղան։ Մեր դեսպանությունը Վրաստանում և մեր գլխավոր հյուպատոսը Դոնի Ռոստովում անմիջապես մշտադիտարկման մեջ էին և խոսում էին մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք ապահովել այդ բնականոն աշխատանքը բեռնափոխադրումների առումով», նշել է Զոհրաբ Մնացականյանը։
ԱԳ նախարարը չափազանց կարևոր է համարում արտասահմանում գտնվող մեր քաղաքացիների հարցը։
«Եվ այստեղ չափազանց էական է համադրել երկու կարևոր գործառույթ․ առաջինը՝ ապահովել, որպեսզի մեզ մոտ առողջապահական առումով անվտանգային համակարգը գործի անխափան, և մյուս կողմից ապահովել, որպեսզի մեր քաղաքացիները մնան անվտանգ այս պայմաններում՝ վերադարձի միջոցով կամ եթե իրենք մնում են իրենց գտնվելու երկրներում, նույնպես գտնել ճանապարհները, որպեսզի կարողանանք ապահովել իրենց անվտանգությունն այս պայմաններում։ Մենք շարունակում ենք մեր մշտական կապը մեր քաղաքացիների հետ։ Բոլոր նրանց հետ, ովքեր գրանցված են մեր դեսպանություններում։ Այս շրջանում, ըստ մեր տվյալների՝ մարտի 1-ից սկսած Հայաստան է վերադարձել 63 322 ՀՀ քաղաքացի։ 47 երկրներում գրանցված է 1870 ՀՀ քաղաքացի։ Առաջին շրջանում մենք դիմեցինք մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք դադարեցնեն իրենց ճամփորդությունները և վերադառնան Հայաստան։ Մեծ մասը արձագանքեց, և մենք ունենք այդ թիվը՝ 63 000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ վերադարձան Հայաստան։ Մենք ինքներս կազմակերպեցինք Իտալիայից մեր քաղաքացիների տեղափոխումը։ Տարբեր երկրներից մեր քաղաքացիներին օգնելով, ուղղորդելով նրանց․ տոմսերով, գտնելով լավագույն ճանապարհը, համագործակցելով մեր տարբեր գործընկերների հետ: Վրաստանի հետ մենք շատ լավ համագործակցում ենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր քաղաքացիների վերադարձը: Այս իրադրության մեջ շատ գնահատելի է մեր քաղաքացիների համախմբվածությունը: Շատ գնահատում և հարգանքով եմ վերաբերվում, շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք համախմբվում են դեսպանության շուրջ, մեր ներկայացուցիչների շուրջ և իրենց օժանդակությունն են բերում այդ առումով։ Մենք ունենք շատ լավ օրինակ, երբ Միացյալ Նահանգներում առողջապահական համակարգում աշխատող մեր հայրենակիցները համակարգ են ձևավորել, որպեսզի օգտակար լինեն մեր քաղաքացիներին։ Մենք ունենք նույն օրինակը Ռուսաստանի Դաշնությունում, երբ որ մեր հայրենակիցները և քաղաքացիներն իրենց օժանդակությունն են բերում, որպեսզի նվազեցնենք այն ճնշումները, որ ի հայտ են եկել այս պայմաններում մեր քաղաքացիների համար», ասել է ԱԳ նախարարը։
Շատերի վերադարձի հետ կապված բարդությունների առումով, արտգործնախարարը նշել է, որ իշխանությունները համադրում են այստեղ մեր բնակչության առողջապահական անվտանգության համակարգի կարողությունները և մեր քաղաքացիներին վերադարձնելու անհրաժեշտությունը ։
«Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից 440 մեր հայրենակիցներ վերադարձան երկու չվերթով Հայաստան։ Եվ հիմա մենք նախապատրաստում ենք դաշտը, որպեսզի կարողանանք շարունակել այդ ամենը։ Եվ անհատական, և համակարգային մոտեցումներով փորձում ենք ողջամտության և մեր կարողությունների սահմաններում հասնել յուրաքանչյուր հարցին, յուրաքանչյուր դեպքին։ Բազմաթիվ օրինակներ ունենք, երբ մեր միջոցներով կարող ենք օգնել՝ տոմսով, կեցություն ապահովելով, այլ հարցերով, որպեսզի նվազեցնենք այս պայմաններում առաջացած ճնշումը: Երբ որ հնարավորությունը ստեղծվում է, ապահովվում է նրանց վերադարձը Հայաստան: Հայաստան վերադառնալիս ապահովվում է, որպեսզի մեր առողջական, անվտանգային համակարգը մնա համապարփակ և անվնաս, ոչ խոցելի և այդ առումով 14-օրյա կարանտինի պահանջը բխում է այդ նպատակից։ Հիմա արդեն պետք է հատած լինեն Հայաստանի սահմանը մեր ուսանողները Իսրայելից՝ 10 հոգի: Հիմա ճանապարհին են մեր երիտասարդ ուսանողները Միացյալ Նահանգներից՝ 34 հոգի։ Վերջինս շատ լավ համագործակցության օրինակ է և՛ Միացյալ Նահանգների, և՛ Վրաստանի մեր գործընկերների հետ։ Իրենք հասնելու են Թբիլիսի և այնտեղից տեղափոխելու ենք Հայաստան. վստահ եմ՝ վաղը առավոտյան արդեն հասած կլինեն Հայաստան», ասել է Զ․Մնացականյանը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին