Ռոբերտ Քոչարյանի իրավունքները ոտնահարվում են` դիտավորյալ կամ ոչ կոմպետենտության արդյունքում. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները ոտնահարվում են, դա արվում է դիտավորյալ կամ ոչ կոմպետենտության արդյունքում: Այս մասին ապրիլի 8-ին մամուլի ասուլիսին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը հիշեցրեց այն իրավիճակը, որում այժմ հայտնվել է դատական գործընթացը: Ինչպես վերջերս պարզվեց, դատարանում նախագահող Աննա Դանիբեկյանը առողջության հետ կապված խնդիրների պատճառով մարտի 13-ից աշխատանքի չի գալիս: «Փոքրիկ դետալ` մարտի 13-ին, փաստաբան Արամ Վարդեւանյանը զանգահարել է դատավորի գրասենյակ, եւ նրան վստահեցրել են, որ մարտի 17-ին նիստն անպայման կկայանա: Այստեղ որոշակի հակասություն կա: Եթե ենթադրենք, որ Աննա Դանիբեկյանը աշխատունակ չէ, ինչպե՞ս հասկանալ նրա գրասենյակի պատասխանը: Մարտի 16-ին` նիստից մեկ օր առաջ, օրվա վերջում ես միջնորդություն ներկայացրեցի Հայաստանի երեք նախկին վարչապետների եւ Արցախի նախկին վարչապետի անձնական երաշխավորության մասին: Մեզ կրկին ոչինչ չհայտնեցին: Եվ հանկարծ մարտի 17-ին նիստից քիչ առաջ տեղեկացանք, որ Աննա Դանիբեկյանը բացակայում է առողջական պատճառներով: Եվ մինչեւ օրս նույն իրավիճակն է»,- նշեց Հայկ Ալումյանը:
Նա հիշեցրեց, որ երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը սրվում է: «Այս ընթացքում պարոն Քոչարյանը գտնվում էր «Էրեբունի» հիվանդանոցում` առողջական որոշակի խնդիրների հետ կապված: Մարտի 24-ին, հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը եւ այն փաստը, որ 60 տարեկանից բարձր տարիքի մարդիկ ռիսկային խմբում են, ինչպես նաեւ պարոն Քոչարյանի առողջական խնդիրները, միջնորդություն ենք ներկայացրել խափանման միջոցի վերացման մասին: Այս միջնորդությունը մինչ օրս չի քննվել նույն պատճառով` Աննա Դանիբեկյան բացակայում է: Մենք չենք ուզում իմանալ նրա վիճակի մանրամասները, մենք միայն ուզում ենք գոնե մոտավորապես իմանալ, թե երբ է իրավիճակը լուծվելու, բայց ոչ ոք մեզ ոչինչ չի հայտնում: Հարցն այնպես են ներկայացնում, կարծես սա բացառապես Աննա Դանիբեկյանի անձնական խնդիրն է եւ ոչ ոք չի կարող բացատրություն պահանջել: Բայց հարցն այն է, որ նրա առողջական վիճակը միայն իր գործը չէ: Օրինակ, եթե վարչապետը` կարեւոր չէ` գործող թե որեւէ այլ, երեք շաբաթ աշխատանքի դուրս չգա: Պարզ է, որ իշխանությունները պարտավոր կլինեն տեղեկատվություն տրամադրել ժողովրդին: Որովհետեւ դա միայն նրա խնդիրները չեն: Այստեղ նույնն է: Մենք իրավունք ունենք իմանալ` երբ սպասել նրա առողջացմանը: Եվ մեզ ասում են, որ նա հիվանդ է եւ ուստի միջնորդություններն անհնար է քննել: Դատարանի ղեկավարը մեզ հավաստիացնում է, որ Աննա Դանիբեկյանից բացի ոչ ոք չի կարող քննել, նա գրավոր պատասխանել է մեզ, որ միայն նա է լիազորված: Դատարանի նախագահը տարօրինակ կերպով ծանոթ չէ ԲԴԽ-ի որոշմանն այն մասին, որ միջնորդությունները փոխանցվում են դատավորին, բացառությամբ այն դեպքերի, եթե դատավորը արձակուրդում է կամ օրենքով նախատեսված մեկ այլ դեպքում: Սա հենց նման դեպք է: Միջնորդության քննման համար կարճ ժամկետ է սահմանվել: Նման դեպքերում միջնորդությունը վիճակահանության միջոցով փոխանցվում են այլ լիազոր դատավորներին: Հենց սա պետք է արվեր մարտի 17-ին: Ստացվում է, որ կամ դատարանի նախագահը տեղյակ չէ ԲԴԽ-ի որոշման մասին, կամ միտումնավոր կերպով պայմաններ է ստեղծում` միջնորդության քննումը ձգձգելու համար: Եվ ես այս երկու դեպքերի միջեւ ես մեծ տարբերություն չեմ տեսնում»,- հայտարարեց Հայկ Ալումյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին