Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի կողմից լուսնի պաշարներն օգտագործելու իրավունքի մասին
Ապրիլի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել, որը ամերիկացիներին իրավունք է տալիս օգտագործել տիեզերական պաշարները:
Ինչպես հայտնում է տիեզերական ոլորտի վերաբերյալ նորությունների դաշտում մասնագիտացած Space.com կայքը, վերջին մեկ տարվա ընթացքում մշակվող հրամանագիրը սահմանում է ԱՄՆ-ի քաղաքականությունն այս ոլորտում եւ ընդգծում է, որ Վաշինգտոնը տիեզերքում գտնվող պաշարները «հանընդհանուր սեփականություն» չի համարում:
«Ամերիկացիները պետք է իրավունք ունենան հեռավոր տիեզերքում համապատասխան կոմերցիոն հետազոտությունների անցկացման, ռեսուրսների արդյունահանման եւ օգտագորման համար` համապատասխան օրենսդրության համաձայն: Տիեզերքը` օրենսդրորեն եւ ֆիզիկապես, մարդկային գործունեության յուրօրինակ տիրույթ է, եւ Միացյալ Նահանգներն այն համընդհանուր տիրույթ չեն համարում»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Սպիտակ տան հայտարարությունը:
Նշվում է, որ ամերիկացիները հարկ չեն համարում իրավաբանորեն պարտավորեցնող որեւէ լրացուցիչ միջազգային պայմանագիր կնքել` տիեզերական ռեսուրսների ուսումնասիրման եւ արդյունահանման համար: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը մտադիր է միջազգային աջակցության հասնել իր գործողությունների համար:
Միացյալ Նահանգների նախագահի հրամանագրի համաձայն` Պետդեպարտամենտը եւ այլ նախարարություններ եւ գերատեսչություններ պետք է բանակցեն գործընկերների հետ` մասնավոր եւ պետական ընկերությունների կողմից Լուսնի եւ այլ տիեզերական մարմինների վրա ռեսուրսների օգտագործման, մշակման եւ արդյունահանման վերաբերյալ երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր կնքելու համար: Վեց ամսվա ընթացքում պետքարտուղարը պետք է զեկուցի կատարված աշխատանքների մասին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները չեն ստորագրել Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության վերաբերյալ 1979 թվականի համաձայնագիրը: Այս փաստաթուղթը, որը ստորագրվել է 20 երկրների կողմից, Երկրի արբանյակի հանքանյութերի` ոչ գիտական նպատակներով օգտագործման կարգի միջազգային կարգավորում է նախատեսում: Իսկ 2015-ին ԱՄՆ Կոնգրեսը միակողմանիորեն օրենք ընդունեց, որմ ամերիկյան ընկերություններին թույլ է տալիս տիեզերական ռեսուրսների, այդ թվում նաեւ ջրի եւ հանքանյութերի, կոմերցիոն արդյունահանում իրականացնել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին