Նիկոլ Փաշինյանն այլ բան է ասում, Կադաստրի կոմիտեն՝ այլ
«168 Ժամ»-ը գրում է․
«Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում. «2019 թվականի հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17,1%-ով, իսկ 2019 թ. հուլիսին 2019 թ. հունիսի համեմատ 10.3%-ով: Ամենաուրախալին այն է, որ 2019 թ. հուլիսին 2018 -ի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները աճել են 11,7%-ով, 2019 թ. հուլիսին հունիսի համեմատությամբ 3,1 %-ով: Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի, և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին: Ի դեպ, նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում: Հարգելիներս, ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ. և մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը»: Վարչապետի այս գրառումը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում առևտուրը եռում է: Այդ տրամաբանությամբ էլ վարչապետը մեկնաբանություններ է անում անշարժ գույքի և դրա ամենամեծ հատվածի՝ բնակարանային շուկայի վերաբերյալ: Հիմա տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում այստեղ:
Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է անշարժ գույքի գործարքների ավելացման մասին՝ բնակարանային շուկայում հակառակ գործընթացն է տեղի ունենում, գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն այս տարվա հուլիսին Հայաստանում արձանագրել է բազմաբնակելի շենքի 1477 բնակարանի վաճառք: Այն դեպքում, երբ անցած տարվա հուլիսին վաճառվել էր 1599 բնակարան:Դե հիմա դուք ասեք, բնակարանների վաճառքն ավելացե՞լ է, թե՝ պակասել:
Ի հակառակ վարչապետի լավատեսության՝ բնակարանների վաճառքը կրճատվել է: Այն էլ ոչ թե 1-2, այլ 7,6 տոկոսով: Այս տարվա հուլիսին Հայաստանում 122-ով քիչ բնակարան է վաճառվել: Ու դա վկայում է բնակարանային շուկայում առկա պասիվացման մասին: Մի բան, ինչը տեղի է ունեցել հատկապես մայրաքաղաքի հաշվին:
Պաշտոնական տվյալները փաստում են, որ Երևանում բնակարանային շուկան մտել է խորը թմբիրի մեջ: «Երևան քաղաքում 2019 թ. հուլիսին իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի 936 գործարք: 2019 թ. հուլիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի գործարքների քանակը 2019 թ. հունիսի համեմատ աճել է 5,5 տոկոսով, իսկ 2018 թ. հուլիսի համեմատ նվազել է 14,8 տոկոսով»,- արձանագրել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:Հիմա հարց. անշարժ գույքի շուկայի զարգացումների վերաբերյալ դատողություններ անելիս գիտի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ բնակարանների վաճառքը Երևանում մեկ տարի առաջվա համեմատ կրճատվել է 14.8 տոկոսով: Եթե այս տարվա հուլիսին մայրաքաղաքում վաճառվել է 936, ապա անցած տարվա նույն ամսին՝ 1098 բնակարան: Տարբերությունը հասնում է 162-ի:
Փաստն այն է, որ սա նոր երևույթ չէ, և միայն հուլիսին չէ, որ այդպես է եղել: Երևանի բնակարանային շուկայում նույն պատկերն է ամբողջ տարվա ընթացքում: Ինչքան էլ վարչապետը փորձի հակառակը համոզել, պաշտոնական տվյալներն այլ բան են ասում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի