Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը
Շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը: Վարչապետի ուղերձում ասվում է.
«Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:
Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության կերտման ուղին: Այդ ուղին լի էր փորձություններով և հաջողություններով, կորուստներով և ձեռքբերումներով, պատերազմներով և հաղթանակներով: Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից է և մեր հավաքական հպարտության մարմնավորումը: Պատմական այդ օրվանից անցել է 28 տարի, և ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման: Հենց այդպես են կերտվել մեր համազգային հաղթանակները: Հենց այդպիսի համաժողովրդական միասնության մարմնացում էր նաև թավշյա հեղափոխությունը, որի հիմքում պայքարն էր հանուն ավելի ազատ, ժողովրդավար ու զարգացող հայրենիքի։ Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է: Արցախի ճակատագիրը գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում, և մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ։
Սիրելի՛ արցախցիներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։
Փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին, ովքեր կյանքը չխնայեցին և չեն խնայում հանուն Արցախի:
Փա՛ռք Արցախի հերոսական ժողովրդին:
Փա՛ռք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի