Եթե մենք գնահատական ենք տալիս անցյալին, ապա պետք է այդ գնահատականը տալ 1991 թվականից սկսած
168.am-ի հարցազրույցը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ
– Պարոն Իշխանյան, ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսվում է անցումային արդարադատության շրջանակներում հավաքել 1991 թ. ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացների ժամանակ մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և արդյո՞ք հնարավոր է սա իրականացնել։
– Եթե մենք գնահատական ենք տալիս անցյալին, ապա պետք է այդ գնահատականը տալ 1991 թ.-ից սկսած, որովհետև հանրության մեջ հատվածաբար են մոտենում ընտրախախտումներին՝ կախված իրենց քաղաքական դիրքորոշումներից։ Այդ գնահատականը պետք է տալ իսկապես 1991 թվականից, և դա ես համարում եմ օբյեկտիվ։ Իսկ հնարավո՞ր է այդ ամենը բացահայտել, թե՞ ոչ, ես կարծում եմ, որ գուցե ոչ 100%-ով, բայց հնարավոր է։ Այստեղ մի կարևոր խնդիր կա, թե ովքեր պետք է, պայմանական ասած, այդ «ճշմարտության» հանձնաժողովում ներգրավվեն։
Սա շատ կարևոր խնդիր է, որպեսզի այդ հանձնաժողովը լինի իսկապես օբյեկտիվ և չեզոք, և այնտեղ ներգրավված չլինեն քաղաքական կողմնորոշում ունեցող անձինք։
Ինչ վերաբերում է փաստահավաքությանը, ապա դա բավականին բարդ խնդիր է, բայց կարծում եմ՝ իրագործելի։ Հատկապես, եթե մենք նկատի ունենանք 2 կարևոր հանգամանքներ՝ ընտրությունները և սպանությունները, ես կարծում եմ, որ բավականին շատ փաստեր կարելի է հավաքել, որովհետև կան շատ հրապարակումներ։ Եվ այստեղ շատ կարևոր է այդ հանձնաժողովի օբյեկտիվությունը, որ կարողանա այդ փաստերից և հրապարակումներից իսկապես ճշգրիտ տվյալներ հավաքել, և ոչ թե՝ ընկնել քաղաքական համակրանքների հետևից։ Բավականին բարդ խնդիր է, բայց իրագործելի, եթե իսկապես անաչառություն լինի։
– Նախատեսվում է նաև քննել հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները։ Այստեղ տեսնո՞ւմ եք այդ վտանգը, որ ինչպես այժմ Ռոբերտ Քոչարյանի դեպքում՝ իշխանության կողմից վրեժի մասին է խոսվում, այդ հետապնդումների բացահայտումներն էլ կդասվեն վրեժի շարքին։
– Այո, դրա համար է շատ կարևոր անաչառությունը, և կախված է, թե ինչ անձանցից կազմված կլինի այդ հանձնաժողովը։ Մի կարևոր խնդիր էլ կա. եթե այդ «ճշմարտության» հանձնաժողովը նույնիսկ ամենաօբյեկտիվ ձևով բացահայտի կամ փաստահավաքություն անի, ի՞նչ հետևանք դա պետք է ունենա։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե պատժելու հարց է դրվում, ապա դրա ծայրը չի երևա, պատժի չափը չի երևա։
Հայաստանը փոքր երկիր է, և ոչ միայն քաղաքական համակրանքների տեսակետից տարբեր տիպի կողմնորոշումներ կան, այլև ազգակցական, բարեկամական կապեր կան, և դա կբերի մեծագույն պառակտման։ Այսինքն՝ մեծագույն հարց է՝ այդ ամենից հետո ի՞նչ հետևանքներ դա պետք է ունենա։ Ես կարծում եմ, որ այդ հետևանքները հետևյալը պետք է լինեն՝ ուղղակի զեկույցի կամ հռչակագրի ձևով այս ամենին գնահատական տրվի, տուժողներին փոխհատուցում տրվի, բայց հետապնդում և պատիժներ չլինեն։
– Հանձնաժողովը նաև փաստեր է հավաքելու ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ։ Այստեղ ևս հնարավոր համարո՞ւմ եք ամբողջ ճշմարտության վերհանումը։
– Սա ամենաբարդ խնդիրն է, հատկապես՝ եթե հաշվի առնենք 90-ական թվականներին հրադադարից հետո, քանի որ մինչև հրադադարը չափազանց դժվար է օբյեկտիվություն ապահովել, հրադադարից հետո՝ 1995 թվականից մինչև մեր օրեր, բանակում զինծառայողների մահվան դեպքերն ամենաշատը և ամենացայտունը եղել են 1995-1999 թթ., երբ տարեկան 200-ից ավելի զինծառայող էր զոհվում՝ առանց որևէ մարտական գործողությունների մասնակցելու, և սրանք բացահայտելը գրեթե անհնար է։ Բայց դրանց պատասխանատուները, այդ ամենը կոծկողները, որոնք եղել են և՛ ռազմական ոստիկանության անդամները, և՛ ռազմական դատախազության պատասխանատուները, այդ մարդիկ այլևս պետք է իրավունք չունենան պետական պաշտոններ զբաղեցնելու։
– Եվ փաստեր են հավաքելու պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների, սեփականազրկումների այլ դրսևորումների վերաբերյալ։ Այստեղ ևս մեծ ծավալի աշխատանք կա՞ անելու։
– Այո, շատ մեծ աշխատանք կա, և կրկնում եմ՝ պետք է լինի փոխհատուցում, բայց ոչ թե՝ հետապնդում։
– Եթե ոչ հետապնդում, ապա համաներո՞ւմ պետք է լինի։
– Այո։ Ես կարծում եմ՝ ամենապատասխանատուների, հրահանգ տվողների, գործերը կոծկողների նկատմամբ պետք է լինի իմ նշած մոտեցումը՝ նրանք զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, իսկ հետապնդումներ, կարծում եմ, չպետք է լինեն, որովհետև վերջ չի ունենա դա։ Պետք է միանգամայն անաչառություն լինի, նույնիսկ կարելի է այդ անձանց անունները չհրապարակել, ուղղակի ներքին կարգով դա լինի։
– Դա էլ վստահության խնդիր է առաջացնում։
– Դրա համար էլ հասարակության մեջ ամենաբարդը վստահության մթնոլորտ ձևավորելն է։ Եվ ամենաբարդն այդ հանձնաժողովի ստեղծելն է լինելու, որ այն լինի անաչառ, ինչը, անկեղծ ասած, ես տեսականորեն հնարավոր եմ համարում, բայց գործնականում չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է իրականացվի։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի