Մեծամորի ԱԷԿ-ի տարիքը, ռիսկայնությունն ու փակման հետևանքները
Օրերս հրապարակվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որով նաև նախատեսված է ժամանակի ընթացքում շահագործումից հանել Հայկական ատոմային էլեկտրակայանը: Այդ հանգամանքը հանրային լուրջ քննարկման և անգամ քննադատության առարկա դարձավ:
Ու թեև ակնհայտ է, որ որևէ ատոմակայան չի կարող անվերջ գործել և դեռևս վաղուց էր հայտնի, որ Մեծամորի ԱԷԿ-ը ապագործարկվելու է 2026 թվականին, փորձենք հասկանալ այս և այլ ատոմակայանների շահագործման ժամկետները:
Ռեակտորը
Մեծամորի ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին և կոնկրետ պիտանելիության ժամկետ չի ունեցել: Այն սովետական տարածված Ջրաջրային էներգետիկական ВВЭР-440 ռեակտորների շարքին է պատկանում: Մասնավորապես, Մեծամորում տեղադրվել է այդ շարքի ամենահին՝ ВВЭР-440/230 մոդելի սեյսմակայուն մոդիֆիկացիան, որը ստացել է ВВЭР-440/270 անվանումը:
ВВЭР-440/230 էներգաբլոկները տեղադրվել էին նաև Նովովորոնեժի (ՌԴ), Կոլսկի (ՌԴ), Կոզլոդույի (Բուլղարիա), Գրայֆսվելդի (Գերմանիա) և Բոգունիցի (Սլովակիա) ատոմակայաններում:
Գերմանիան ВВЭР-440/230-ները շահագործումից հանեց 1990 թվականին, Բուլղարիան դա արեց 2006 թվականին, իսկ Սլովակիան՝ 2008: Այդ 3 երկրներում շարունակեցին գործել ատոմակայաններ, բայց ավելի նոր ու անվտանգ:
Ռուսաստանում Նովովորոնեժի ատոմակայանի ВВЭР-440/230 երկու էներգաբլոկներից մեկը փակվել է 2016-ին, մյուսը կփակվի 2017-ի ընթացքում, իսկ Կոլսկի ատոմակայանի այդ մոդելի երկու էներգաբլոկները փակվելու են 2018 և 2019 թվականներին:
Այսինքն, 2019 թվականին Հայկական ԱԷԿ-ը հավանաբար կդառնա միակ ատոմակայանը, ուր դեռևս կգործի ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկ:
Աշխարհում
Այս պահին աշխարհի 31 երկրներում գործում է 191 ատոմակայան (որոնք ունեն 448 էներգաբլոկ): Մեծամորի ատոմակայանի 2-րդ (գործող) էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980 թվականի հունվարին: Աշխարհում այժմ գործող 448 էներգաբլոկներից միայն 96-ն են, որ Մեծամորի էլեկտրակայանից հին են (ընդ որում, դրանցից մոտ 80-ը շահագործումից դուրս կգան առաջիկա 5 տարում): Ահա դրանց ցուցակը՝ ըստ երկրների.
48-ը ԱՄՆ-ում (դրանցից վերջինը կփակվի 2038թ.),
8-ը Ռուսաստանում (նախատեսվում է փակել մինչև 2025թ.),
6-ը Ֆրանսիայում (փակվելու են 2018-2020թթ.),
6-ը Կանադայում (դրանցից 4-ը կփակվի 2018-2019թթ.),
5-ը Ճապոնիայում (դրանցից 2-ի փակման որոշում արդեն կա),
4-ը Շվեյցարիայում (փակվելու են 2018-2022թթ.),
4-ը Միացյալ Թագավորությունում (փակվելու են 2023թ.),
3-ը Հնդկաստանում,
3-ը Բելգիայում (դրանք փակվելու են 2025թ.),
2-ը Ֆինլանդիայում (փակվելու են մինչև 2039թ.),
2-ը Թայվանում (փակվելու են 2018-2019թթ.),
2-ը Շվեդիայում (փակվելու են 2018-2020թթ.),
1-ը Պակիստանում,
1-ը Նիդեռլանդներում (փակվելու է 2033 թ.),
1-ը Արգենտինայում:
Այսինքն աշխարհում գործող 1960-ական և 1970-ական թվականների էներգաբլոկները անվտանգության նկատառումներով այժմ բավականին ինտենսիվորեն դուրս են բերվում շահագործումից:
Վտանգը
Որևէ մեխանիզմ չի կարող գործել հավերժ: Եթե խոսքը ատոմային էլեկտրակայանի մասին է, ապա դրա խափանումը կարող է վտանգել միլիոնավոր մարդկանց առողջությունը և հանգեցնել Հայաստանի Հանրապետության համարյա ամբողջ տարածքի ամայացմանը:
ВВЭР-440/230 միջուկային ռեակտորի ներսում ճնշումը գերազանցում է 125 ատմոսֆերը, իսկ ջերմաստիճանը՝ 300 ցելսիուսը: Եվ դրա շահագործման համար պետք է 100 տոկոսանոց վստահություն, որ ռեակտորը կդիմանա այդ պայմաններին: Անգամ չնչին կասկածը կամ վստահության պակասը ատոմակայանի ապագործարկման հիմք է:
Ավելին, կես դար առաջ նախագծված այս ռեակտորները չունեն անվտանգության բազմաթիվ համակարգեր, որոնցով կահավորված են ավելի նոր սերնդների ռեակտորները:
Այս պահին Հայկական ԱԷԿ-ը բավարարում է Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալությանը: Այսօր չկա որևէ ուսումնասիրություն, որը կասի, թե արդյո՞ք Մեծամորի ատոմակայանը կարող է աշխատել 2026 թվականից հետո: Բայց, հաշվի առնելով այն, որ ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկները արդեն ամբողջությամբ դուրս են բերվում շահագործումից, կարելի է ենթադրել, որ դրա անվտանգ շահագործման ժամկետն ավարտվում է:
Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2026 թվականի դրությամբ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը կլինի աշխարհի ամենահին ռեակտորներից մեկը, դժվար է պատկերացնել դրա հետագա անվտանգ շահագործման հեռանկարը:
Փակման վտանգը
Ատոմակայանն այժմ ցանցերին է տալիս Հայաստանում սպառվող էլեկտրական էներգիայի մոտ 1/3 մասը՝ ջերմաէլեկտրակայաններից մոտ 3-4 անգամ ավելի էժան գնով: Ատոմակայանից ավելի էժան են միմիայն հիդրոէլեկտրակայանները:
Եթե ատոմակայանը փոխարինվի հողմային, արևային կամ բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններով, ապա Հայաստանում էլեկտրական էներգիայի ինքնարժեքը կավելանա մոտ 10 դրամով: Միաժամանակ, սակայն, նոր ատոմակայանի կառուցումը ևս թանկ է, և կառուցման ներդրումը էլեկտրաէներգիայի գնի մեջ ներառելը ևս կհանգեցնի սակագների ավելացմանը:
Այլ կերպ ասած, Մեծամորի ատոմակայանի անխուսափելի փակումը՝ ցանկացած սցենարով, կհանգեցնի էլեկտրական էներգիայի սակագնի ավելացմանը՝ դրանից բխող հետևանքներով: Հայաստանի իշխանությունները ամեկ կերպ փորձելու են երկարացնել այդ հեռանկարը, սակայն անթույլատրելի է դա անել անվտանգության հաշվին:
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են