Սպիտակ տունը՝ Էրդողանի հայտարարության վերաբերյալ․ «Դա սուտ է»
Սպիտակ տունը հերքում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ափսոսանք է հայտնել մայիսին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա իր թիկնազորի անդամների հարձակման միջադեպի համար: Էրդողանը այս մասին խոսել է PBS հեռուստաընկերության հետ զրույցում:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսնակ Մայքլ Էնթընը Թուրքիայի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվամիջոցներին ուղարկած գրավոր պատասխանում պնդում է. «Դա սուտ է»:
Հիշեցնենք, խոսքը մայիսին Ռեջեփ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է: Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Ցուցարարներից մի քանիսը հիվանդանոց էին տեղափոխվել: Ինքը Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից:
Միջադեպը զայրույթի ալիք էր բարձրացրել Նահանգներում` քննադատության արժանանալով թե՛ վարչակազմի, թե՛ օրենսդիրների կողմից: Կոնգրեսն այդ բռնությունը դատապարտող բանաձև է ընդունել:
Երեքշաբթի օրը ամերիկյան PBS հեռուստաընկերության հետ զրույցում Էրդողանը ասել է, թե վերջերս միջադեպը քննարկել է Թրամփի հետ: «Նախագահ Թրամփը այդ հարցով մեկ շաբաթ առաջ զանգահարել է ինձ և ափսոսանք հայտնել, նաև հավելել է, որ այդ հարցը կքննարկվի իմ՝ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ», - PBS-ի թարգմանության համաձայն՝ ասել է Թուրքիայի նախագահը:
Սպիտակ տան ներկայացուցիչը, ըստ Yahoo News-ի, գրավոր պատասխանում հակադարձում է՝ երկու առաջնորդները հեռախոսազրույց ունեցել են, միջադեպը քննարկել են, սակայն Թրամփը ափսոսանք չի հայտնել: «Ներողություն չի հնչել», - հայտարարել է Մայքլ Էնթոնը:
Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում նախագահ Թրամփը ընդգծել է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։
Ցուցարարների վրա հարձակվելու համար Վաշինգտոնի դատարանը օգոստոսին Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության 15 ներկայացուցիչների և 4 այլ անձի մեղադրանք է առաջադրել: Մեկնաբանելով դատարանի որոշումը՝ Էրդողանը «իսկական սկանդալ» է որակել այն։ «Սա բացահայտ ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում արդարադատության համակարգն Ամերիկայում», - հայտարարել է նա:
Պաշտոնական Անկարային է՛լ ավելի է վրդովեցրել այս շաբաթ ամերիկյան կառավարության կայացրած որոշումը, որի համաձայն՝ սառեցվում է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահի թիկնապահներին. խոսքը ավելի վաղ կնքված 1.2 միլիոն դոլարանոց գործարքի սառեցման մասին է:
Աղբյուրը՝ Ազատություն


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ